16.01.2018 12:37

Գեւորգ Նալբանդյան. ԱԳՆ «փաթեթը» եւ փուլային կարգավորումը

Գեւորգ Նալբանդյան. ԱԳՆ «փաթեթը» եւ փուլային կարգավորումը

Պատասխանելով ղարաբաղյան կարգավորման հեռանկարի մասին հարցին՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացառել է, թե մեկ փաստաթղթով հնարավոր է հասնել լուծման: Նրա ձեւակերպմամբ՝ կարգավորումը կարող է լինել փուլ առ փուլ, երբ կողմերը պայմանավորվում են այն հարցերի շուրջ, որոնք համաձայնեցված են, ապա հող նախապատրաստում հետագայի համար՝ «ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նորություն չի ասել: Բոլոր ողջամիտ քաղաքական գործիչներն էլ այս կամ այն ձեւով նույնն են ասում: Միայն Հայաստանի ԱԳՆ-ն է, որ խոսնակի մակարդակով անդրադարձել է Լավրովի հայտարարությանը եւ ասել, որ Ղարաբաղի կարգավորման համաձայնությունը կլինի փաթեթային, իսկ իրագործումը՝ փուլ առ փուլ:

Ինչպե՞ս հասկանալ ասվածը: Այսինքն՝ Ադրբեջանը համաձայնելու է Ղարաբաղի անկախությանը, բայց իրագործումը տեղի է ունենալու ամենավերջու՞մ: Բայց ի՞նչ իմաստ ունի ամենակարեւոր՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցում փաթեթային համաձայնությունը թողնել փուլային իրագործման: ԱԳՆ խոսնակը հաստատ զբաղվում է քարոզչությամբ: Ղարաբաղի հարցում կարող է լինել միայն մեկ անվերապահ՝ հակամարտության զինված փուլին վերջ տալու համաձայնություն: Դրանից հետո բոլոր հարցերը ենթակա են փուլ առ փուլ կարգավորման: Դա աքսիոմա է: Հակառակ դեպքում հարկ կլինի խոսել կողմերից մեկի հաղթանակի եւ մյուսի պարտության մասին: Իսկ դա արդեն խաղաղ կարգավորում չէ, այլ՝ պարտադրանք: Թե ինչու՞ է Հայաստանի ԱԳՆ-ն խուսափում կարգավորման փուլային տարբերակի մասին խոսելուց՝ հասկանալի է: Բայց դրանից ոչինչ չի փոխվում: Բանակցությունները տանում են դեպի փուլային հանգուցալուծում: Եւ մի օր իշխանությունը դրա մասին խոսելու է բացահայտ: Ներկա պահին ամեն ինչ արվում է, որպեսզի հասարակությունը մնա անիրազեկ: Ըստ երեւույթին՝ իշխանության ներսում ամեն ինչ չէ, որ կարգին է: Բայց դա իշխանության խնդիրն է: Հասարակությունն ակնալում է, որ Ղարաբաղի հարցին կգտնվի խաղաղ լուծում: Փուլային տարբերակը չունի այլընտրանք: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը որոշակիորեն փակագծեր է բացել՝ խոսելով նաեւ մյուս համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի անունից: