16.01.2018 12:16

Մադուրո. «Խռովարարները ջախջախված են»

Մադուրո. «Խռովարարները ջախջախված են»

Կարակասի իշխանությունները պնդում են, որ ջախջախել են ընդդիմադիր ոստիկան Օսկար Պերեսի խռովարարների խումբը; Արդյո՞ք Պերեսը ողջ է՝ հայտնի չէ:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ խմբի անդամներից մի քանիսը սպանվել են փոխհրաձգության ընթացքում, մյուսները ձերբակալված են:

«Նրանք մեզ վրա կրակում են նռնականետներով, մեր դեմ դիպուկահարներ են հանել, հրաձիգներ: Մեր մեջ քաղաքացիական անձինք կան, մենք ասել ենք, որ հանձնվում ենք, բայց նրանք ուզում են սպանել մեզ»,- ասում է Պերեսը Ինստագրամում տեղադրված տեսագրության մեջ:

Երկուշաբթի վենեսուելական հատուկ նշանակության լավագույն ստորաբաժանումները շրջապատել են Կարակասի բանվորական թաղամասը, որտեղ ապաստանել են Պերեսն ու նրա համախոհները:

Նախագահ Մադուրոն Ազգային ասամբլեայում հայտարարել է, որ «զինված խմբավորումը ծրագրել էր ականապատ մեքենա պայթեցնել արտասահմանյան դեսպանատներից մեկի մոտ»: «Ձերբակալված ահաբեկիչները ցուցմունք են տալիս ոստիկանությունում: Այն, ինչ նրանք ասում են, սոսկալի է»,- հայտարարել է Մադուրոն:

2017 թ. հունիսին Վենեսուելայի հատուկ նշանակության ծառայության մի քանի աշխատակիցներ, քրեական ոստիկանության նախկին հրահանգիչ Օսկար Պերեսի գլխավորությամբ,  առևանգած ուղղաթիռով հարձակումներ են գործել Կարակասում մի քանի վարչական հաստատությունների վրա՝ հայտարարելով, որ սկսում են պայքար Նիկոլաս Մադուրոյի վարչակարգի դեմ: Այնուհետև նրանք անցել էին ընդհատակ: Իշխանություններն այդ միջադեպը համարել էին «ահաբեկչական գործողություն» և հետախուզում էին հայտարարել փախստականների նկատմամբ: Պերեսն ու իր համախոհները թաքնված են մնացել յոթ ամիս՝ սոցցանցերում կոչ անելով վենեսուելացիներին միավորվել ընդդեմ Մադուրոյի վարչակարգի:

Պերեսը Վենեսուելայում հայտնի է դարձել 2015 թ., երբ կատարել է գլխավոր դերը ոստիկանական  «Հետաձգված մահ» մարտաֆիլմում: Նա նկարահանվել է նաև ոստիկանության պատվիրած հեռուստատեսային տեսահոլովակներում:

Փոխանցում է euronews-ը: