16.01.2018 13:07

Ֆրանսիա. Բանտապահների պահանջը բավարարվել է

Ֆրանսիա. Բանտապահների պահանջը բավարարվել է

Ֆրանսիայի Վանդեն լը Վիեյ քաղաքի  բանտապետը հրաժարական է տվել: Անցյալ շաբաթ այդ բանտում իսլամիստ կալանավորը վիրավորել էր երեք բանտապահների:

Այդպիսով՝ երկուշաբթի գործադուլ սկսած արհմիությունների հիմնական պահանջը բավարարվել է: Ֆրանսիայի արդարադատության նախարարությունն ընդունել է բանտապետի հրաժարականը:

Ֆրանսիական բանտերից շատերը պաշտպանել  են բանտապահների երեք հիմնական արհմիությունների կազմակերպած գործադուլը: Նրանց աշխատակիցները պահանջում են մեծացնել հսկիչների թիվը և ուժեղացնել անվտանգության պայմանները, որոնք, ակնհայտորեն, անբավարար են. Վանդեն լը Վիեյի կալանավայրում «Ալ-Քաիդայի» իսլամիստ Քրիստիանո Գանզարսկին պատժախցում եղած ժամանակ կարողացել էր սառը զենք (մկրատ) հայթայթել, որով էլ հարձակվել էր բանտի հսկիչների վրա: Դատարանը Գանզարսկուն ճանաչել է Թունիսում 2002 թ. ապրիլին սինագոգի վրա կատարված հարձակման գլխավոր կազմակերպիչներից մեկը: Այն ժամանակ պայթուցիկով լիցքավորված բեռնատարի պայթյունի հետևանքով զոհվել էր 21 մարդ:

Վանդեն լը Վիեյի բանտում իրենց պատիժն են կրում առանձնապես վտանգավոր հանցագործներ, որոնք դատապարտվել են ահաբեկչության մեղադրանքով: Անվտանգության խնդիրն ավելի քան արդիական է, քանի որ մոտ ժամանակներս այդ կալանավայր պետք է տեղափոխվի 2015 թ. նոյեմբերին Փարիզում ահաբեկչական գործողությունների՝ ողջ մնացած միակ մահապարտը՝ Սալահ Աբդեսլամը:

Փոխանցում է euronews-ը: