16.01.2018 20:42

Այսօր ծնվել է Դայան Ֆոսին՝ գորիլաների թագուհին

Այսօր ծնվել է Դայան Ֆոսին՝ գորիլաների թագուհին

Իր իսկ հեղինակած «Գորիլաները մառախուղում» բեսթսելեր դարձած գրքից մասնակիորեն էր օգտվել համանուն ֆիլմի (1988) ստեղծագործական խումբը (Դայանի դերակատարը Սիգուրնի Ուիվերն է), եւ ըստ ժամանակակիցների՝ միայն լուսապսակն էր պակասում «կինոյի Դայանին»։ Սա ասվում էր հեգնանքով, որովհետեւ շատերի պնդմամբ՝ Դայան Ֆոսին որքան ուժգնորեն էր սիրում գորիլաներին, նույնքան եւ ավելի ուժգնորեն ատում էր մարդկանց։

Դայան Ֆոսին ծնվել է ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Հայրը նախկին նավաստի էր, մայրը՝ ֆոտոմոդել։ Վեց տարեկան էր, երբ ծնողները բաժանվեցին։ Հորը գրեթե չէր տեսնում, որովհետեւ մայրը թույլ չէր տալիս, իսկ խորթ հայրն էլ սառն ու անհաղորդ մարդ էր, եւ ինքնամփոփ Դայանը դեռ մանկուց էր «գլխի ընկել», որ կենդանիները մարդկանցից գերադասելի են։ Ուզում էր կենդանաբույժ դառնալ, բայց ինչ-ինչ պատճառներով մարդաբույժի մասնագիտությունն ընտրեց։ Նույնիսկ մի քանի տարի հասցրել է աշխատել իր մասնագիտությամբ։ Հետագայում, իհարկե, Քեմբրիջի համալսարանում կենդանաբանության դոկտորի գիտական աստիճան ստացավ, բայց մինչ այդ դեռ պետք է Աֆրիկա մեկներ։ Առաջին անգամ որպես զբոսաշրջիկ այցելեց։ Հենց այդ ժամանակ էլ հանդիպեց լեռնային գորիլաներին։ Վերադարձից հետո մի քանի հոդված գրեց ոչնչացման վտանգի եզրին հայտնված (աշխարհում ընդամենը 250 լեռնային գորիլա էր մնացել) իր ապագա բարեկամների մասին։ Հայտնի կենդանաբան եւ հնէաբան Լուիս Լիկայի աչքից չվրիպեցին այդ հոդվածները։ 1963 թվականին նա առաջարկեց Դայանին միասին մեկնել Աֆրիկա։ Գորիլաներին սիրահարված Դայանը հաճույքով միացավ նրան։ Կենսագիրները գրում են, որ Լուիսի ու Դայանի շրջագայությունը միայն հանուն գորիլաների չէր, սիրավեպ սկսվեց նաեւ նրանց միջեւ։ Որքան տեւեց այդ սիրավեպը, սրա մասին լռում են, մանավանդ որ, ըստ կենսագիրների, հանրահայտ կենդանաբանը «սիրում էր» իր բոլոր կին գործընկերներին։

Իսկ ահա Դայանի եւ գորիլաների սերը ձգվեց 18 երկարուձիգ տարիներ եւ կշարունակվեր ավելի ու ավելի երկար, եթե մի օր 53-ամյա Դայանին չհայտնաբերեին Ռուանդայի ազգային պարկի իր տնակում դաժանորեն սպանված։

Մինչ այդ զարհուրելի օրը դեռ տասնութ տարի կար, երբ Լուիսն առաջարկեց Դայանին՝ հաստատվել Աֆրիկայում եւ ուսումնասիրել լեռնային գորիլաների կյանքն ու վարքագիծը։ Դայանն առանց տատանվելու համաձայնեց, եւ հենց դրանից հետո նրա հոգում արմատացավ համոզմունքը, որ այդ խելացի, ուժեղ եւ անկանխատեսելի կենդանիների գլխավոր թշնամին մարդն է։

Եվ Դայան Ֆոսին ոչ միայն սկսում է ուսումնասիրել գորիլաների նիստուկացը, ոչ միայն չորեքթաթ ցատկոտում է գորիլաների նման, ծամում նրանց սիրած բույսերը, սովորում «խոսել» նրանց ձայնային ազդանշաններով, այլեւ զուգահեռաբար անողոք պայքար է սկսում որսագողերի դեմ։ Ի վերջո, հաղթում է խստաշունչ եւ կասկածամիտ գորիլաներին եւ դառնում նրանց ընտանիքի անդամը, իսկ ահա որսագողերին... Չշտապենք։ Մի օր էլ նրա լուսանկարը հայտնվում է National Geographic-ի շապիկին, եւ աշխարհը տեղեկանում է, որ աֆրիկյան լեռներում մի ամերիկացի կին գրեթե միայնակ պայքարում է հանուն գորիլաների պահպանության։ Իսկ ահա նրա «Գորիլաները մառախուղում»-ը մինչ օրս ամենավաճառվող գիրքն է այդ զարմանալի կենդանիների մասին պատմող գրականությունից։

Նրան սպանեցին համանուն ֆիլմի ստեղծումից երեք տարի առաջ, ճամբարային իր տնակում։ Իր իսկ դանակով դաժանորեն կտրել էին գլուխը եւ այլանդակել դեմքը։ Սպանությունը մինչ օրս չի բացահայտվել։ Դայան Ֆոսին թաղված է իր տնակի հետնամասում. այստեղ նա հողին էր հանձնում որսագողերի զոհ դարձած գորիլաներին։ Շիրմաքարին նրա ռուանդայական անունն է՝ Նուարմաչաբելե (Լեռներում միայնակ ապրող կին)։

Ասում են՝ Աֆրիկայում Դայան Ֆոսին անհամար դժվարությունների է բախվել. քաղաքակիրթ աշխարհից հեռու-հեռու, գործնականորեն լիովին մեկուսացած այդ կինը մասնակցել է զինված բախումների, երկու անգամ ձերբակալվել է, ըստ որոշ տեղեկությունների՝ երկրորդ ձերբակալության ժամանակ նրան նվաստացրել են, շշնջում են, որ նույնիսկ բռնաբարել են, տանջալի հարցաքննությունների միջով է անցել, բայց ամենածանր ճակատամարտը որսագողերի դեմ էր։ Ասում են նաեւ, որ Դայանը ռասիստ էր, բայց քիչ թե շատ ընթերցելով նրա մասին հոդվածները, դժվար է պնդել, որ գորիլաների մեծ բարեկամը միայն սեւամորթներին էր ատում։ Ճիշտ է, որսագողերը բնականաբար սեւամորթ էին, բայց Դայանը տարիների ընթացքում սկսել էր պարզապես ատել մարդկանց եւ սիրել միմիայն գորիլաներին։ Մանավանդ, պետք չէ մոռանալ, որ նրա ամենաբուռն սիրավեպի հերոսը սեւամորթ Բոբ Քեմբլն էր։ Այս սիրավեպն էլ՝ մնացածների նման, մի օր ավարտվեց, որովհետեւ Բոբն ամուսնացած էր եւ իր ընտանիքը լքելու մտադրություն չուներ։

Ասում են նաեւ, որ հակասական մարդ էր։ Քաջ էր, բայց մանրախնդիր, եսասեր, միաժամանակ՝ փխրուն։ 55 տարեկանում ինքնասպանություն գործած հորից ժառանգել էր ժամանակ առ ժամանակ դեպրեսիայի գիրկն ընկնելու «տաղանդը»՝ ալկոհոլի չարաշահմանը զուգընթաց։ Ծխախոտը մշտապես մատների արանքում էր։ Անասելի համառությունն աստիճանաբար անբուժելի կամակորության էր վերածվում։ Ի դեպ, Բոբ Քեմբլի հետ բուռն սիրո շրջանում նա հղիացավ, բայց գերադասեց «փրկարար դանակի» միջամտությունը։ Վստահ էր, որ երեխայի նկատմամբ սերը կխանգարեր, որ ինքը գլխովին նվիրվի գորիլաներին։ Շիմպանզեներին կյանքը նվիրած նրա ընկերուհի Ջեյն Գուդոլին հարազատ որդին չէր խանգարում, իսկ օրանգուտանգների ուսումնասիրությանը նվիրված Բիրուտե Գալդիկասը երեք երեխա ուներ, բայց հո արդեն գիտե՞նք, որ Դայան Ֆոսին կամակոր մարդ էր. ինքը որոշել էր, որ երեխան կխանգարի իրեն, ուրեմն՝ կխանգարի, վե՛րջ։

Այսպես, աստիճանաբար նա գրեթե դադարում է գիտական ուսումնասիրությամբ զբաղվել, եւ առաջնայինը դառնում է գորիլաների կյանքի պաշտպանությունը։ Եվ ինչպե՞ս է Դայան Ֆոսին պաշտպանում իր սիրելիներին։ Իր օգնականների հետ օրուգիշեր ոտքի տակ էր տալիս անտառը եւ վերացնում թակարդները։ Ճիշտ էր անում։ Իր ձեռքով սպանում էր «սահմանախախտ», խաղաղ արածող կովերին, հրդեհում էր իր «թագավորության» սահմաններում հայտնաբերած որսագողերի ժամանակավոր կացարանները, «ձերբակալում էր» որսագողերին եւ մինչ ոստիկաններին հանձնելը փայտով դաժանորեն ծեծում էր նրանց։ Նրա ամենաոխերիմ թշնամին որսագողերի մի խմբի պարագլուխ Մունյարկիկոն էր (իր ամենասիրելի գորիլային՝ Ջիդիթին էր սպանել)։ Մի օր ահա Դայանը գտնում է նրա ճամբարը, հրդեհում տնակները՝ եղած-չեղածով եւ պատանդ վերցնում նրա չորսամյա որդուն։ Հաջորդ անգամ բռնում է նրա ցեղակիցներին մեկին ու մի քանի օր կապկպած պահում։ Բանը հասնում է այնտեղ, որ Ռուանդայի կառավարությունը բողոքում է ԱՄՆ դեսպանին, սա էլ հայտնում է Կենդանիների պաշտպանության ընկերությանը, այստեղ էլ զայրանում ու Դայանի ֆինանսավորումը դադարեցնում են։ Ի դեպ, «գորիլաների թագուհու» հարաբերությունները հարթ չէին ընթանում նաեւ բնիկների հետ։ Աֆրիկացիները նրան խելագար էին համարում, սպիտակամորթներն էլ հետ չէին մնում, որովհետեւ Դայանը հաշտ չէր իր օգնականների հետ, զբոսաշրջիկներին նույնպես գրկաբաց չէր ընդունում։ Դժգոհում էր, որ աղբ են թափում աջուձախ, հազարումի հիվանդություն են բերում իրենց հետ։ Իսկ մի օր էլ կրակեց մի գերմանացի զբոսաշրջիկի ուղղությամբ, որովհետեւ նա համարձակվել էր «չափից ավելի» մոտենալ գորիլաներին։ Բարեբախտաբար փամփուշտը սահում եւ անցնում է զբոսաշրջիկի գլխավերեւով։ Դե արի ու որոշիր, թե ո՛վ կարող էր ցանկանալ նրա մահը։

Ահա այսպես. եւ երբ սպանեցին Դայան Ֆոսիին, ասում են՝ մեկը տխրել էր, մյուսը՝ ցնցվել, երրորդն՝ ուրախացել, բայց ոչ ոք չէր զարմացել։

Ինչ որ է, մի բան հաստատ է. մինչ օրս կան ու ապրում են գորիլաները, եւ նրանց իսպառ ոչնչացումը հերոսաբար կանխողների առաջամարտիկը հակասական մարդ Դայան Ֆոսին է։

Լիզա Ճաղարյան