17.01.2018 10:00

Յուպ Հայնկես․ «Վերջին շապիկս էլ կտամ դե Բրույնեի համար»

Յուպ Հայնկես․ «Վերջին շապիկս էլ կտամ դե Բրույնեի համար»

Յուպ Հայնկեսը՝ Մյունխենի «Բավարիայի» մարզիչը, «Կիկերի» հետ խոսել է շուկայի մասին։ Մի խաղացող կա, որի համար ամեն ինչի պատրաստ է։ «Քևին դե Բրույնեն այսքան լավ չէր խաղում անցած մրցաշրջանում, բայց նրա համար վերջին շապիկս էլ կտամ,- ասում է Հայնկեսը։- Այս պահին դե Բրույնեն ակնհայտորեն Եվրոպայի ամենափայլուն խաղացողն է»։ 

«Բավարիայի» շուկան։ ««Բավարիան» պետք է իր ճանապարհը շարունակի Զյուլեի, Կիմիչի, Տոլիսսոյի կամ Կոմանի հետ։ Բնականաբար, պետք է ժամանի նաև 40-50 միլիոն եվրո արժողությամբ խաղացող, բայց այսօր 50 միլիոնով պատրաստի խաղացողի ձեռք չես բերի»։ 

Եռակի մրցանակի մասին։ «Մենք ֆավորիտ չենք։ Հինգ անգլիական թիմեր կան, որոնց թվում «Մանչեսթեր Սիթին», հետո Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան», միգուցե նաև «ՊՍԺ»-ն։ Եռակի մրցանակը չի կարելի ծրագրել, այն նաև շատ դժվար է նվաճել»։ 

Իրական նպատակը։ «Ինձ համար արդեն հսկայական հաջողություն կլիներ, եթե կարողանանք առաջնությունում հաղթել՝ հաշվի առնելով մրցաշրջանի մեկնարկը և մարզչի փոփոխությունը։ Հետո տեսենք՝ ինչ կլինի Գավաթներում»։ 

Ռիբերիի և Ռոբենի պայմանագրերը։ «Ոչ ոք չպետք է գործի նրանց թերագնահատելու սխալը։ Երկուսն էլ ցանկանում են իմանալ՝ որն է իրենց ապագան, և իմ լիակատար աջակցությունն ունեն։ Լավ է, եթե առաջարկում են երկարաձգել պայմանագիրը։ Ինձ համար որոշիչը ոչ թե տարիքն է, այլ ելույթները և աշխատանքի նկատմամբ կիրքը։  Երկուսն էլ ունեն այս որակները։ Արյենն իսկական պրոֆեսիոնալ է, Ֆրենկը՝ փողոցի կրքոտ խաղացող»։ 

Վագների մրցակցությունը Լևանդովսկու հետ։ «Իմ թիմում նա կունենա իր հնարավորությունը։ Գլխավոր չափանիշը ելույթներն են, դրանք կորոշեն՝ կմնա պահեստայինների նստարանի՞ն, թե՞ կմրցակցի մեկնարկային կազմում տեղ ունենալու համար։ Մինչ օրս Վագներն իրեն շատ լավ է դրսևորել։ Կարող է կարևոր խաղացող դառնալ մեզ համար, եթե իր դերը ճիշտ կատարի։ Շատ լավ է, որ Սանդրոն մեզ հետ է»։