17.01.2018 12:21

Սերգո Տոնոյան․ «Փաթեթավորված սուտը»

Սերգո Տոնոյան․ «Փաթեթավորված սուտը»

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ հակամարտության մասին արած հայտարարությունը հայաստանյան ո՛չ սոցցանցերում, ո՛չ մամուլում բուռն քննարկման առարկա չդարձավ։ Այնինչ, վաղուց ընդունված է մեզանում, որ ամեն մի կիսատ տրամաչափի քաղաքական կամ հասարակական գործիչ իր սուրբ պարտքն է համարում՝ հակամարտության փուլային լուծում արտահայտությունը լսելիս համապատասխան քանակի լուտանք թափել ասողի հասցեին։ Կարծում եք՝ տեղի չունեցածի պատճառը Ռուսաստանի ԱԳ նախարա՞րն է։ Ո՛չ, որովհետեւ Լավրովի խոսքին անմիջապես հետեւել էր մե՛ր նախարարության խոսնակի՝ բոլոր իմաստներով անգրագետ, բայց բոլորին հանգստացնող պատասխանը՝ «Խոսքը գնում է փաթեթային լուծման մասին՝ փուլային իրականացմամբ…»։

Ի՞նչ է թաքնված այս բացատրության տակ։ Բովանդակային առումով՝ ընդամենը մեկ բան՝ սուտ, այն էլ՝ քսան տարվա չմաշվող սուտ։ Սա այն սուտն է, որով իշխանությունը երկու տասնամյակ է կերակրում է բոլորին՝ գեներալներին, զիվորներին, գյուղացուն, մտավորականին, արտագաղթածին եւ դեռ ինչ-որ հույսով այստեղ գոյատեւողին։ Ահա հենց այդ հույսի հիմքում է դրած մեծագույն այս սուտը։ Քսան տարի հայաստանյան քաղաքական եւ հասարակական շրջանակների առողջ ուժերը բարձրաձայնում են այս մասին, իսկ իշխանությունն ի պատասխան շարունակում է հավաստիացնել, որ կա կամ, հնարավոր է՝ լինի փաթեթային ինչ-որ լուծում, որում կարգավիճակի հարցը լուծված է։ Մարդիկ տարիներով հավատում են, սպասում են, սակայն ոչ լուծում կա, ոչ կարգավիճակ։ Փոխարենը՝ զոհեր, հաշմանդամներ, արտագաղթ։

Լավրովի բացատրությունը, թվում է, թե սպառիչ է․ «Մեկ փաստաթղթով այդ խնդիրը հնարավոր չէ կարգավորել, անհրաժեշտ է փուլային մոտեցում՝ մոտեցում, որը հաշվի կառնի այն հարցերը, որոնց շուրջ արդեն այսօր հնարավոր է համաձայնության գալ, նաև հաշվի կառնի աշխատանքներն այն հարցերի շուրջ, որոնք պահանջում են հավելյալ քննարկումներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»։

Զարմանալին, սակայն, այն է, որ այս հայտարարության բովանդակությանը մենք հանգել ենք դեռեւս քսան տարի առաջ, եւ այս առումով՝ ոչինչ չի փոխվել, որեւէ նոր հայտնություն չի եղել։ Քսան տարի, դեռ ավելին, պարզ է, որ կարգավիճակի հարցում համաձայնության գալն անլուծելի խնդիր է, ուստի կողմերին անհնար է ներկայացնել փաթեթային լուծում, եւ միակ լուծումը փուլայինն է։ Պարզ է բոլորին, սակայն ոչ մեր հանրությանը, որովհետեւ ե՛ւ իշխանությունները, ե՛ւ փորձագետներից, լրագրողներից, մտավորականության եւ հնարավոր բոլոր խավերից կազմված բանակները լծվել են այս պարզ ճշմարտության աղավաղման գործին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն շտապում է ողջունել Լավրովի հայտարարությունը, իսկ մեր մամուլում տարեսկզբից, իրար հաջորդելով, պտտվում են արտերկրի տարատեսակ փորձագետների վերլուծությունները, որոնք ավետում են մեզ այս տարի պատերազմի վերսկսման իբր փոքր հավանականության մասին։ Եւ կրկին, հասարակությունը թմրած է՝ չնկատելով ո՛չ սահմանին զոհվողին, ո՛չ իշխանությունների մատուցած փաթեթավորված սուտը։