17.01.2018 14:14

Հռոմի պապը «ամոթ ու ցավ» է ապրում մանկապիղծ հոգևորականների պատճառով

Հռոմի պապը «ամոթ ու ցավ» է ապրում մանկապիղծ հոգևորականների պատճառով

Չիլի կատարած պաշտոնական այցի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «Լա Մոնեդա» պալատում երկրի իշխանությունների, հասարակության, դիվանագիտական կորպուսի հետ հանդիպմանը կրկին ներողություն է խնդրել մանկապիղծ կաթոլիկ հոգևորականների զոհերից:

«Ես չեմ կարող չարտահայտել  այն ամոթն ու ցավը, որ ես զգում եմ Եկեղեցու սպասավորների կողմից երեխաներին պատճառված անուղղելի վնասի պատճառով»,- ասել է պապը: Նրա խոսքն ընդունվել է տևական ծափահարություններով:

Կաթոլիկ հոգևորականների կողմից անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների վերաբերյալ սկանդալը (այդ թվում՝ Չիլիում) ծագել է Ֆրանցիսկոսի նախորդի՝ Բենեդիկտոս XVI-ի օրոք, որը կամավոր կերպով հեռացավ պապական աթոռից  2013 թ.: Հանցագործությունների հետաքննությունը շարունակվում է:

Ֆրանցիսկոս պապը Չիլիում կլինի մինչև հունվարի 18-ը, այնուհետև կմեկնի Պերու:

Փոխանցում է euronews-ը: