17.01.2018 18:13

Այսօր ծնվել է Ավդոտյա (Եվդոկիա) Իստոմինան՝ Պուշկինի 113 մուսաներից մեկը

Այսօր ծնվել է Ավդոտյա (Եվդոկիա) Իստոմինան՝ Պուշկինի 113 մուսաներից մեկը

Կենսագիրներն են հաշվել։ Եվ ըստ այդ հաշվարկի՝ Պուշկինն իր կարճատեւ կյանքի ընթացքում սիրահարվել է 113 կնոջ, եւ այդ ցուցակում Ավդոտյան 19-րդն է։ «Մի ժամանակ քարշ էի գալիս նրա հետեւից», - կեսկատակ-կեսլուրջ գրել է ռուս պոետը։

Ծնվել է Դունյան (1799—1848) հարբեցող ոստիկան Իլյայի եւ տնային տնտեսուհի Անիսյայի ընտանիքում։ Մայրը շուտ էր մահացել, վեց տարեկան էր, երբ մահացավ նաեւ հայրը։ Ինչ-որ երաժիշտ (մինչ օրս անհայտ) բարեխոսում է որբուկի համար, եւ նրան ընդունում են թատերական դպրոց, որտեղ պարուսույցը հռչակավոր Շառլ Լուի Դիդլոն էր։ Ինը տարեկանից Դունյան բեմ է բարձրացել։ 17-ում, դպրոցի ավարտից անմիջապես հետո Դիդլոյի ամենասիրելի սանուհուն ընդունում են թագավորական թատրոնի Պետերբուրգյան թատերախումբ։ Նա բալետի առաջին ռուս պարուհին էր, որ կարողացավ քայլել մատների վրա եւ երրորդն էր համաշխարհային բալետում՝ Մարիա Տալյոնիից եւ Ժենեւեւա Գոսելենից հետո։

Գեղեցկուհի պարուհին շատ արագ գրավում է պետերբուրգյան հանդիսատեսի սիրտը ոչ միայն իր պարով, այլեւ որպես սկանդալային պատմությունների հերոսուհի։ Դեռ 18 տարեկան էր, երբ չորս նշանավոր ազնվականներ ձեռնոց նետեցին միմյանց, եւ «Քառակի մենամարտ» անվամբ այս պատմությունն ավարտվեց ողբերգությամբ։

Ճերմակադեմ, սեւահեր ու սեւաչ, զարմանալի երկար թարթիչներով այս խորհրդավոր գեղեցկուհին արդեն երկու տարի նշանավոր Շերեմետեւների տոհմի շառավիղ Վասիլիի սիրուհին էր։ Ապրում էին միասին, ամուսինների նման։ Շերեմետեւը հիվանդագին խանդոտ էր, եւ հերթական բուռն վեճից հետո Եվդոկիան որոշում է փախչել նրա հետապնդումներից եւ մենակ ապրել։ Մի օր էլ ահա մեզ քաջածանոթ ու հարազատ Ալեքսանդր Գրիբոեդովը կենսասեր պարուհուն հրավիրում է իր տուն, որտեղ, ի դեպ, բնակվում է նաեւ արկածասեր եւ թեթեւսոլիկ կոմս Զավադովսկին։ Ուրեմն, Գրիբոեդովն ասում է՝ Ավդոտյա, կգա՞ս գնանք մեր տանը թեյ խմենք։ Շերեմետեւյան կապանքներից ազատագրված Դունյան էլ թե՝ գնանք, ինչ է եղե՞լ որ։ Դու մի ասա՝ Էս Զավադովսկին վաղուց աչքադրել էր Դունյային, ու հենց ականջին հասնում է, որ Շերեմետեւի հետ մեր գեղեցկուհին այլեւս տալիք-առնելիք չունի, Գրիբոեդովին ասում է՝ Սա՛շ, դու Դունյայի հետ լավ ես, էլի, չես կարո՞ղ մի օր հետդ տուն բերել, համ էլ թեյ կխմենք։ Գրիբոեդովն էլ թե՝ խնդրե՜մ, խնդրե՜մ, թեյն ի՞նչ է, որ խնայեմ թանկագին ընկերոջս համար։

Թեյը խմում են, այդ ընթացքում Գրիբոեդովը ներսուդուրս է անում, ու Զավադովսկին հասցնում է շշնջալ Ավդոտյայի ականջին, որ ինքը Շերեմետեւից պակաս տղա չէ։ Մեր պարուհին ասում է՝ չէ, մտքիցդ հանիր։ Հետո վերադառնում է տուն, մի քանի օր հետո հաշտվում է Շերեմետեւի հետ, ու խանդից կուրացած նրա սիրեցյալն ատրճանակը դնում է սեղանին ու թե՝ կամ հատ-հատ պատմիր, թե էս ընթացքում ուր ես գնացել, ում հետ ես թեյ խմել, կամ էլ՝ երկուսիցս մեկը մեռնելու է։ Դե, Դունյան էլ ճարահատյալ մանրամասն պատմում է, թե ոնց եղավ, որ ինքը Գրիբոեդովի հետ գնաց թեյ խմելու, ու ինչ ասաց իրեն Զավադովսկին այն ընթացքում, երբ Գրիբոեդովը ներսուդուրս էր անում միամիտ-միամիտ։ Խանդից խենթացած Շերեմետեւն էլ նույնը պատմում է իր մտերիմ ընկեր, թատերագետ Ալեքսանդր Յակուբովիչին, որի խելքը գնում էր մենամարտելու համար։ Սա էլ թե՝ վա՜յ, դա մարսելու բան չի, ո՞նց թե Դունյային տարել են թեյ խմելու, էդ խայտառակության միակ լուծումը մենամարտն է։ Եվ այսպես, Շերեմետեւը ձեռնոց է նետում Զավադովսկուն, բայց Յակուբովիչին սա չի բավարարում։ Ասում է՝ Վասյա, ուրեմն էսպես. դու Շերեմետեւի հետ կմենամարտես, ես էլ՝ էն Գրիբոեդովի, ինքն է, չէ՞, Դունյային թեյ խմելու տարել։

Փաստարկը համոզիչ էր։ Ու 1817-ի նոյեմբերի 24-ին աքլորացած տղերքը հանդիպում են Վոլկովոյի դաշտում։ Ըստ պայմանավորվածության՝ նախ պետք է կրակեին սիրեցյալ Շերեմետեւն ու թեթեւսոլիկ կոմսը, իսկ հետո՝ մարտավկաներ Գրիբոեդովն ու Յակուբովիչը։ Զավադովսկին կրակում ու ծանր վիրավորում է Շերեմետեւին, նրան շտապ հասցնում են հիվանդանոց, բայց կյանքը փրկել չի հաջողվում։

Երկրորդ մենամարտը ստիպված էին հետաձգել։ Իր որդու բռնկուն բնավորությանը տեղյակ վշտահար հայրը խնդրում է ցարին՝ ներել մենամարտի մասնակիցներին։ Ցարը չի մերժում. Զավադովսկուն ասում է՝ գնա Անգլիա, էլ երեսդ չտեսնեմ, Յակուբովիչին վտարում է Թիֆլիս, իսկ ահա Գրիբոեդովին չի պատժում։ Մեկ տարի անց դիվանագետ Գրիբոեդովը պետք է մեկներ Պարսկաստան, եւ 1818-ի գարնանը հասնում է Թիֆլիս, որտեղ էլ ահա մենամարտի սիրահար Յակուբովիչն ասում է՝ եկա՞ր, դե արի կիսատ գործն ավարտենք։ Յակուբովիչը կրակում է, եւ փամփուշտը ծակում է Գրիբոեդովի ձախ ձեռքի ափը։ Դիվանագետն օդ է կրակում։

Մի քանի տարի անց, 1829-ի փետրվարին հենց Յակուբովիչի «նվիրած» սպիով է հաջողվում ճանաչել Թեհրանում ռուսական դեսպանատան վրա հարձակումից հետո Գրիբոեդովի հոշոտված մարմինը։

Շերեմետեւի մահը ցնցում է Իստոմինային, բայց նրա բեմական կարիերայի վրա չի ազդում։ Շարունակում է փայլել նրա աստղը իր ուսուցիչ Շառլ Դիդլոյի բեմադրություններում։ 1823-ի հունվարի 15-ին Իստոմինայի մասնակցությամբ կայանում է «Կովկասյան գերին» ներկայացման պրեմիերան՝ Պուշկինի համանուն պոեմի մոտիվներով։ Պուշկինն արդեն հասցրել էր հիանալ «Ակիսը եւ Գալատեան» բալետում Դունյայի պարով եւ «Եվգենի Օնեգին» պոեմում նրան հիացական տողեր նվիրել։ Մտադիր էր նաեւ վեպ գրել Իստոմինայի մասին։ Սյուժեի հիմքում պետք է լինեին գեղեցկուհու երկրպագուների վերոգրյալ ողբերգական մենամարտերը։ Վեպը չգրվեց. շուտով Պուշկինն էլ մենամարտի զոհ դարձավ։

Իստոմինան կայսերական թատրոնում պարեց քսան տարի։ Վերջին տարիներին հազվադեպ էր պարում։ Ասում են՝ գիրացել էր, ոտքերն էին ցավում։ Իր սիրելի ուսուցիչ Դիդլոն այլեւս չկար, հրաժարական էր տվել։ Աշխատավարձը կրճատեցին։ Իստոմինան բողոքում էր, ուշադրություն ու հոգատարություն էր պահանջում։ Եվ... ստացավ։ Մի օր էլ Նիկոլայ 1-ին ցարը հրամայեց նշանավոր պարուհուն ընդմիշտ եւ անվերադարձ հեռացնել թատրոնից։ Ասում են՝ հակակրանքի պատճառը հայտնի մենամարտն էր, նաեւ Իստոմինայի մտերմությունը դեկաբրիստների հետ։

Վերջին անգամ նա բեմ է ելնում 1836-ի հունվարի 30-ին։

Պսակազերծ Ավդոտյան ամուսնանում է երիտասարդ ու գեղեցկատես դերասան Վասիլի Գոդունովի հետ, որը կարճ ժամանակ անց մահանում է տիֆից։ Վշտից գրեթե խենթացած Դունյան մխիթարություն է փնտրում հաջորդ ամուսնու՝ Պավել Էկունինի գրկում։ Մի օր էլ նրանց դուռն է բախում խոլերան եւ տանում Ավդոտյային, իսկ մի քանի ամիս անց՝ ամուսնուն։

Նշանավոր պարուհու եւ սրտակեր գեղեցկուհու մասին մահախոսականը տպվում է մեկ տարի անց։

Լիզա Ճաղարյան