17.01.2018 23:59

ՄԱԿ-ի դատարանը Հայաստանից առաջին դիմումներն է ընդունել. Լրագրողների դեմ բռնությունն ավելացել է

ՄԱԿ-ի դատարանը Հայաստանից առաջին դիմումներն է ընդունել. Լրագրողների դեմ բռնությունն ավելացել է

2017 թվականին Հայաստանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 11, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների դեմ ճնշումների 113 եւ տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտման 62 դեպք է արձանագրվել, «Խոսքի ազատության զարգացման և լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության խնդիրները Հայաստանում» զեկույցի ներկայացման ժամանակ տեղեկացրեց ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:

2017-ին լրագողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերն ավելացել են մեկով, թեեւ տուժողների թիվը 2016-ին անհամեմատ մեծ էր՝ 26 տուժող՝ 2017-ի 17-ի դիմաց: Կտրուկ ավելացել են նաեւ ԶԼՄ-ների կամ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքերը՝ 2017-ին գրանցվել է 113 դեպք՝ 2016-ի 52-ի դիմաց: Գրեթե կրկնակի ավելացել են նաեւ տեղեկություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման արձանագրված դեպքերը՝ 62 դեպք՝ 2016-ի 33-ի դիմաց:

Ըստ Աշոտ Մելիքյանի, ավանդաբար, ընտրական տարիները հայաստանցի լրագրողների համար լարվա ու վտանգավոր են լինում, եւ 2017-ը, երբ Ազգային ժողովի, Երևանի ավագանու և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են եղել, բացառություն չէր։

Ըստ զեկույցի՝ խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին ու դրանց նախորդող քարոզարշավների ընթացքում արձանագրված բռնությունների ու խոչընդոտումների 29 դեպքից քրեական գործ է հարուցվել միայն 7-ով, դրանցից 5-ը կարճվել է հանցակազմի բացակայության հիմնավորմամբ եւ ընդամենը 2 գործն է դատարան մտել։

Զեկույցի հեղինակները նշում են, որ 2017-ն աննախադեպ էր լրագրողների եւ ԶԼՄ-ների նկատմամբ դատական հայցերի թվով՝ 60 հայց: Ըստ Մելիքյանի, 2011-ից՝ վիրավորանքի եւ զրպարտանքի ապաքրեականացումից հետո, նման առատություն չէր եղել: 2017-ի դատական հայցերի զգալի մասը վերաբերում էր խորհրդարանական ընտրությունների շրջանում Sut.am կայքի հանդեպ դպրոցների տնօրենների բողոքներին: Կայքը հրապարակել էր ձայնագրություններ, որոնք տեղեկացնում էին, որ դպրոցների տնօրենները ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար հավաքագրում են աշակերտների ծնողներին: Քաղաքական իշխանությունների աջակցությամբ մի քանի տասնյակ տնօրեններ դատի տվեցին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին՝ մեղադրելով զրպարտության մեջ:

Իրավաբան Արա Ղազարյանն իր հերթին նշեց, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի նախաքննություններն ու դատաքննությունները չափազանց երկար են տեւում եւ գրեթե միշտ ավարտվում են՝ առանց լրագրողի իրավունքը վերականգնելու: Մասնավորապես, 2015-ի «Էլեկտրիկ Երեւան» ցույցերի ժամանակն ոստիկանության գործողություններից տուժած ավելի քան երկու տասնյակ լրագրողների գործի քննությունը շարունակվում է արդեն 30 ամիս, 2016-ի հուլիսին Սարի թաղում լրագրողների վրա կրկին ոստիկանության զորքերի հարձակման քննությունն արդեն ընթանում է 18 ամիս: Ըստ իրավաբանի, այն դեպքում, երբ անհամեմատ ավելի խրթին, թաքնված բնույթ ունեցող գործեր՝ կաշառք վերցնող դատավորների, սպանության կամ այլ հանցագործությունների քննությունը տեւում է 15-30 օր, լրագրողներին վերաբերող գործերի քննության երկարատեւութունը վկայում է դրանց քաղաքականացվածության մասին: «Սա կանխավարկած է, որ պետությունը խտրական վերաբերմունք է դրսեւորում եւ անհրաժեշտ պաշտպանություն չի իրականացնում տուժող լրագրողների նկատմամբ», - նշեց իրավաբանը:

Նա տեղեկացրեց, որ «Էլեկտրիկ Երեւանի» դեպքերի ժամանակ տուժած երկու լրագրողների, այդ թվում՝ iLur.am-ի թղթակից Հակոբ Կարապետյանի գործերն ուղարկվել են ՄԱԿ-ի Միջազգային դատարան, որը կքննի Հայաստանի իրավապահ մարմինների անգործության փաստը լրագրողների իրավունքների պաշտպանության հարցում: Ի դեպ, Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի քաղաքացիներին վերաբերող գործը ՄԱԿ-ի դատարանի վարույթ է ընդունվել: Լրագրողների պաշտպանությամբ զբաղվող իրավաբանների խումբը նաեւ ներպետական վարույթ է նախապատրաստում, որով կփորձի ապացուցել քննչական մարմինների անգործությունը:

ԽԱՊԿ զեկույցում տեղ են գտել նաեւ լրագրողների իրավունքների ոտնահարման մի շարք այլ դեպքեր, մասնավորապես, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ լրագրող Սիրանույշ Պապյանին վիրավորելու, 2017-ի ընտրությունների ընթացքում լրագրողներ Շողիկ Գալստյանի, Սիսակ Գաբրիելյանի, Հռիփսիմե Ջեբեջյանի եւ այլոց նկատմամբ բռնության դեպքերը: Քննարկման մասնակիցները փաստեցին, որ մեծ հաշվով, հայաստանյան դատական համակարգը ի վիճակի չէ պատժել լրագրողների դեմ հարձակվող ոստիկաններին:

Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Գոռ Աբրահամյանը նշեց, որ դատախազությունը մտադիր է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որը լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար պատասխանատվություն կսահմանի ոչ միայն պաշտոնատար անձանց, այլեւ այլ քաղաքացիների նկատմամբ: Սա, մասնավորապես, կարող է վերաբերել ընտրությունների շրջանում լրագրողների վրա հարձակվող, հիմնականում ՀՀԿ-ի համար «աշխատող» մարդկանց: