15.01.2013 14:09

Թե ինչ եղավ, երբ Պիացցոլլայից հետո Ռիտա Սարգսյան նվագեցին

Թե ինչ եղավ, երբ Պիացցոլլայից հետո Ռիտա Սարգսյան նվագեցին

Երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել իտալացի աշխարահռչակ բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համերգը` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ. նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյան: Նախապես հայտարարվել էր, որ կհնչեն Աստոր Պիացցոլլայի, Նինա Ռոտայի, Ռոբերտո Մոլինելի, Ֆաբիո Կոնիչիելայի և Էնրիկո Բլատի, ինչպես նաեւ Մարտին Պալմերի ստեղծագործությունները: Սակայն, մեր տեղեկություններով, հանդիսատեսին մշակութային շոկային անակնկալ է սպասվել` այն էլ, համերգի վերջում: Աշխարհահռչակ այս կոմպոզիտորների ստեղծագործություններից հետո, հանկարծ հայտարարվել է, որ կկատարվի նաեւ Ռիտա Սարգսյանի «Նվիրում Տանգոյին» ստեղծագործությունը:

Ականատեսների վկայությամբ, այդ հայտարարությունը լսելուց հետո դահլիճը սկզբից մի հատ փռթկացել է, հետո բոլորը սկսել են իրար նայել զարմացած, ու ապա տիրել է բացարձակ լռություն, որից հետո Պիետրոդարկին եւ նվագախումբը սկսել են նվագել Ռիտա Սարգսյանի գլուխգործոցը:

Ըստ ականատեսների, ստեղծագործության կատարման ժամանակ արդեն շատերն էին ոչ միայն տարակուսում, այլեւ` քննարկում, թե ի՞նչ էր սա, իսկ երբ ստեղծագործությունն ավարտվել էր, դահլիճը ակնհայտ սարկազմով սկսել է գոռալ «բռավո», այն դեպքում, երբ նույնիսկ Պիացցոլլայի ստեղծագործությունների ժամանակ «բռավո» չէր գոռացել:

Ամենահետաքրքիրը, սակայն, կատարվել է հետո: Ռիտա Սարգսյանի ստեղծագործության կատարումից հետո դահլիճի աուրան միանգամից փոխվել է, նախորդ ստեղծագործությունների ազդեցությունից բան չէր մնացել, եւ թեեւ համերգն արդեն ավարտված էր, սակայն, թերեւս զգալով հանդիսատեսի տրամադրությունը` երաժիշտները որոշել են համերգը շարունակել եւս 40 րոպե: Նվագել են Պիացցոլլայի «Լիբերտանգոն», որից հետո դահլիճը մի փոքր ուշքի է եկել, ապա «Կռունկ»-ը, հետո էլի եւս մեկ ստեղծագործություն, եւ համերգը ավարտել են, ըստ էության, այն ժամանակ, երբ դահլիճն ակնհայտորեն մի փոքր խաղաղվել էր մշակութային այդ շոկից հետո: Այդուհանդերձ, անգամ նման ֆինալից հետո` արդեն դահլիճից դուրս գալուց հետո մարդիկ շարունակել են քննարկել կատարվածը, մի մասը հումորներ էր անում, մի մասը ջղայնացած էր, իսկ համերգին ներկա իշխանությունների հետ ակնհայտ կապ ունեցողները ուղղակի լուռ էին:

Հ.Գ. Ի դեպ, Ռիտա Սարգսյանը ներկա է եղել համերգին: