18.01.2018 15:04

Արսեն Գրիգորյան. Բա մենք դրա համա՞ր ենք հավաքվել

Արսեն Գրիգորյան. Բա մենք դրա համա՞ր ենք հավաքվել

«Ելքը» փայլում է հայտարարությունից հայտարարություն: Հիմա էլ ասում են՝ իշխանափոխության հասարակական պահանջ չկա: Դա գիտե՞ք ինչի նման է: Ոնց որ երկիրը «չորով», առանց որեւէ մեկի կարծիքն ու ախորժակը հաշվի առնելու, դադարի ներկրել աղ ու մի տարի հետո հայտարարի, որ էլի չենք ներկրելու, դրա պահանջը չկա: Տարօրինակ հայտարարություն է: Նման համոզմունք ուներ Եզոպոսը, որն իր էշին օր օրի ավելի քիչ էր կերակրում, որովհետեւ էշը իր բաժինն ստանալու «հասարակական պահանջ» չէր ներկայացնում: Եզոպոսը դա գլխի չընկավ, ու մի գեղեցիկ օր էշը սատկեց:

Ի՞նչ է նշանակում՝ հասարակական պահանջ չկա: Այսինքն, եթե մարդիկ ամեն օր փողոց դուրս չեն գալիս ու չեն ասում, որ իշխանությունը լեգիտիմ չէ, ուրեմն՝ լեգիտիմ է: Այսինքն, եթե կարտոֆիլ ուտողը հաշտվել է միս չուտելու մտքի հետ, ուրեմն՝ մսի պահանջ չունի: Իսկ դիետոլոգները, բժիշկները՝ հեչ: Նրանք այլեւս չեն պնդի, կամ իմաստ էլ չկա, որ պնդեն, թե մարդու օրգանիզմն ախր միս էլ է ուզում: Այսինքն, եթե մայրերը չեն հայտարարում, որ իրենց որդիները չպետք է դառնան սահմանային բախումների զոհեր, ուրեմն՝ Ղարաբաղի հարցը լուծելու պահանջ չկա: Իսկ թանկացման դեմ փողոց դուրս գալու հասարակական պահանջ կա՞: Մարդիկ շատ հանգիստ, առանց աչք թարթելու, կարծես թե «վայելում» են թանկացումը: Նոր տարում չտեսանք, որ խանութների փոխարեն փողոցները լցվեն: Ավելին, թանկացումն այնպիսի բան է, որ կարող ես փողոց դուրս գալ նույնիսկ առանց «հատուկ հրավերի»: Կամ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հասարակական պահա՞նջ կար, որ ԱԺ-ում Ելքը նման օրինագիծ ներկայացրեց: Եթե քաղաքական ուժը նաեւ քաղաքական օրակարգ ձեւավորող է, նա կարող է նաեւ հասարակական պահանջարկ ստեղծել: Հատկապես որ դրա հիմքերը կան: Մասնավորապես՝ իշխանափոխության մասով:

Ասել, որ «իշխանափոխության» հասարակական պահանջարկ չկա, նույնն է, որ սիրո մասին գիրք գրողին ասես՝ բայց նման գիրք գրելու հասարակական պահանջարկ չկա: Դա որոշում են ընթերցողները: Հայաստանում ոչնչի հասարակական պահանջարկ չկա, եթե պետք է ավելի ուղիղ խոսել: 9 հոգով ԵԱՏՄ-ից դուրս գալու օրինագիծ են նախաձեռնում՝ նախապես իմանալով, որ կտապալվեն, հետո որոշում են պայքարել թանկացումների դեմ: Ու հոխորտում են՝ եթե փողոց դուրս չգաք, ուրեմն դա ձեզ պետք չէ: Այսինքն, հոխորտում են բացակայող հասարակական պահանջարկի դեմ:

Այո, ժողովուրդը պետք է փողոց դուրս գա: Բայց ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ ժողովուրդը վաճառել է իր քվեն: Նշանակում է՝ ինքը վաճառել է հասարակական պահանջը: Ինքն իրեն զրկել է փողոց դուրս գալուց: Ու զրկել է, ոչ թե այն պատճառով, որ ՀՀԿ-ի դեմ խաղ չկա, այլ որ ընդդիմությունն այլեւս խոսափող չէ: Ոչ թե իր խոսափողը չէ, այլ խոսափող չէ ընդհանրապես: Էսօրվա հասարակական պահանջը իրենք թելադրել են մեկ տարի առաջ: Այլապես որտեղի՞ց ՀՀԿ-ին այդքան ցինիզմ՝ առանց իրեն հաշիվ տալու թանկացնել ամեն ինչ: Սակայն պատրա՞ստ է «Ելքը» թողնել քաղաքական արենան, եթե ժողովուրդը իր պահանջով փողոց դուրս չգա: Ի վերջո, քաղաքական ուժ է, որի կոչին չհետեւց ժողովուրդը: Իսկ եթե փողոց դուրս եկավ, դա հենց իշխանափոխության հասարակական պահանջը չէ՞: Ինչպե՞ս կարող է քաղաքական ուժի կոչին հետեւող ժողովուրդը չցանկանալ ամեն գնով ազատվել այն քաղաքական ուժից, որի գործունեության արդյունքում ծայրը ծայրին չի հասցնում: Նշանակում է՝ «Ելքն» իրեն էս գլխից ապահովագրում է ոչ թե իր երթի տապալվելուց, այլ իշխանափոխություն չպահանջելուց: Նա կանգնելու է եւ ասի՝ մենք պահանջում ենք վերացնել ապրանքների թանկացումը: Իսկ եթե հանկարծ շարքերից իշխանափոխության կոչ հնչի, նրանք բոլոր հիմքերն ունեն ասելու՝ բա մենք դրա համա՞ր ենք հավաքվել: