18.01.2018 15:55

Մխիթարյանը կարող է դառնալ Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Մխիթարյանը կարող է դառնալ Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Բրիտանական լրատվամիջոցները պնդում են, որ Հենրիխ Մխիթարյանը պահանջում է բարձրացնել, գրեթե կրկնապատկել աշխատավարձը՝ «Մանչեսթր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխվելու համար: Ըստ այդ հաղորդումների, հայաստանցի կիսապաշտպանը, ով «Յունայթեդում» այժմ ստանում է շաբաթական մոտ 150,000 ֆունտ, պայման է դրել՝ Լոնդոն կգնա, եթե իրեն վճարեն ճիշտ այնքան, որքան «Արսենալն» առաջարկել է չիլիացի Ալեքսիս Սանչեսին՝ շաբաթական 300,000 ֆունտ:

«Եթե այս գործարքը կայանա, Մխիթարյանը կդառնա Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, չնայած դժվարություններ ունի մարզավիճակի հետ՝ խաղաշրջանի մեկնարկից ի վեր և կորցնում է իր տեղը Մոուրինյոյի կողքին», - գրում է բրիտանական «Մետրո» պարբերականը:

«Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան, սակայն, վստահ է՝ Մխիթարյանը արժանի է նման վարձատրության», - շարունակում է թեման բրիտանական «Միրորը»՝ մեջբերելով վերջինիս խոսքերը. - «Սա փայլուն առաջարկ է «Արսենալի» համար, նրանք երիտասարդ խաղացողների կարիք ունեն և պետք է այս ուղղությամբ ներդրումներ անեն»։

«Մանչեսթրն» ու «Արսենալը» առայժմ պաշտոնապես չեն հաստատում, բայց և չեն հերքում այս տեղեկությունները

Մարզական մեկնաբաններից շատերն են համոզված՝ այսօր էլ նա ամենայն հավանականությամբ, կընդունի «Արսենալի» առաջարկը:

«Մի մոռացեք՝ Մխիթարյանը իսկապես բացառիկ էր խաղաշրջանի սկզբում, սակայն ինչ-ինչ պատճառներով վերջին ամիսներին լավագույնների ցանկում չէ», - ասել է «Յունայթեդի» հայտնի աստղերից մեկը՝ նախկին հարձակվող Դուայթ Յորքը, ընդգծելով՝ Մխիթարյանը «Արսենալի» խաղաոճի ֆուտոլիստ է, և նոր սկիզբը «Արսենալում» կարող է վճռորոշ լինել նրա հետագա առաջընթացի համար»:

Բացի դրանից, հաղորդվում է, որ «Արսենալն» այժմ ցանկանում է գնել նաև Պիեր Էմերիկ Օբամեյանգին, ում հետ Մխիթարյանը ժամանակին խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»: Երկրպագուներից շատերն են հիշում՝ ինչպես էին այս երկուսը արդյունավետ համագործակցում Բունդեսլիգայում. 2016-ին՝ խաղերից մեկում, երբ Օբամեյանգը հերթական գոլն էր խփել Մխիթարյանի փոխանցումից հետո, երկուսն այնքան էին ոգևորվել, որ սկսել էին պարել հենց մարզադաշտում: Այսօր այս տեսանյութն ակտիվորեն տարածվում է սոցիալական ցանցերում, երկրպագուներն էլ զգուշացնում են՝ երբ նրանք կրկին միանան, դա կդառնա իսկական գլխացավանք: