19.01.2018 14:26

Հռոմի պապը ինքնաթիռում պսակել է սիրահար զույգին

Հռոմի պապը ինքնաթիռում պսակել է սիրահար զույգին

Լատինական Ամերիկայի երկրներում Հռոմի Ֆրանցիսկոս պապի շրջագայությունը ուղեկցվում է արարողակարգով չնախատեսված հանդիպումներով ու միջադեպերով: Եվ դրանցից մեկը՝ բավական անսովոր, տեղի է ունեցել հենց օդանավում:

Սանտյագոյից Լիմա երկժամյա թռիչքի ընթացքում ուղեկցորդուհի Պաոլան և ուղեկցորդ Կառլոն Հռոմի Ֆրանցիսկոս պապից խնդրել են նրա օրհնությունը: Արարողությունը նախապես ծրագրված չի եղել, սակայն պապը հաճույքով է արձագանքել այդ խնդրանքին և պսակել է սիրահարներին:

Վատիկանի ներկայացուցչի խոսքով՝ սա կաթոլիկ եկեղեցու պատմության ընթացքում առաջին դեպքն է, երբ Հռոմի պապը սիրահար զույգին պսակադրում է օդում:

41-ամյա Կառլոն և 39-ամյա Պաոլան Latam ավիաընկերության աշխատակիցներ են, նրանք վաղուց միասին են ապրում, երկու երեխա ունեն: Նրանք իրենց ամուսնությունը գրանցել են քաղաքապետարանում, սակայն եկեղեցական արարողություն չէր եղել: Այն պետք է կատարվեր 2010 թ., սակայն Չիլիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլվել էր այն եկեղեցին, որտեղ նշանակված էր պսակադրությունը:

 Ֆրանցիսկոս պապին շատ է հուզել այդ պատմությունը, և նա ինքն է առաջարկել  ավարտին հասցնել պսակադրության արարողությունը:

Փոխանցում է euronews-ը: