20.01.2018 03:14

Օսկարին ընդառաջ. «ԿՈԿՈ». (COCO)

Օսկարին ընդառաջ. «ԿՈԿՈ».  (COCO)

iLur.am-ը ներկայացնում է «Օսկարին ընդառաջ» խորագրի հերթական նյութը: Հոդվածաշարում նկարագրում ենք այն ֆիլմերը, որոնք, հավանաբար, կմասնակցեն ամերիկյան կինոակադեմիայի տարեկան մրցանակաբաշխությանը, կամ արդեն մասնակցել են ընթացիկ կինոտարվա հեղինակավոր այլ իրադարձությունների, կամ, հեղինակի համոզմամբ, արժանի էին ուշադրության, բայց ինչ-ինչ պատճառներով չեն հայտնվել «Օսկարի» շորթ-լիստում:  Խորագրի նախորդ նյութերը՝ այստեղ եւ այստեղ



Ռեժիսորներ՝ Լի Անկրիչ և Ադրիան Մոլինա

Մոռացված նախնիների ստվերները

Հմմմ… եթե չլիներ «Կոկո»-ն այդքան սրտառուչ պատում վերադարձի անհարինության ու դրա անհրաժեշտության մասին, մենք կդիտարկեինք այն որպես ՀՀ ԿԸՀ-ի կողմից մշակված ուսումնամեթոդական ձեռնարկ այն մասին, թե ինչ են անում հոգիները  անդրաշխարհում՝ քվեարկությունից ազատ ժամերին:

      Մինչդեռ «Կոկո»-ն մանկության հերթական մայրիշխանական շրջանի արտապատկերն է, ուր հոգատարության ու գրկի տաք դիկտատն է՝ ինքնության ու որոշ(ն)ումների ճամփաբաժանին:

Հեքիաթասաց-ռեժիսորը մեքսիկական տոնի ու ավանդույթի հումքից հյուսում է կորստի, երազանքի ու պարտքի դրամա՝ մանչուկի, երաժշտության ու մոռացումի մասին: Անսպասելի շրջադարձերով: Ու գյուտով:

Կոշկակարի (՞) Ռիվերա ընտանիքից Միգելին ու նրա շնիկ Դանթեին (անդրաշխարհում վաղուց այլ ուղեկիցներ կա՞ն) խոստումների ու ապստամբության ուղին տանում է արկածների հորձանուտ՝ նախնիների աշխարհ, որտեղ խարդավանքներ կան, Ֆրիդան կա, չմոռացվող ու կորուսյալ հոգիներն են ու իր հերոսը՝ հռչակավոր Էռնեստո դե լա Կռուսը (ինչ-որ միջանկյալ կարգավիճակով՝ մշակույթի վաստակավոր գործչի և ժողովրդական արտիստի միջև):

Հանդիպում, որ բացում է խաբեության, որոնման, ճանաչման անելանելի, անիծյալ, փակ շրջանը. հերոսների կենսագրությունը կարող է և պե՛տք է խմբագրվի:

Անավարտ ճանապարհի սկիզբը երգի հնչյուններն են, որը և՛ մոռացումի ու հիշողության կանչ է, և՛ վերադարձի գաղտնագրված պատմությունը:

-Հիշի՛ր ինձ:

…Երբ բոկոտն հուշերիդ ծալքերում վաղուց խնամքով պատսպարվել են փախուստի քո ըմբոստ կոշիկները, իսկ դու հուսահատորեն դեռ դիմադրում ես նրանց ճամփորդությունը կրկնելու գայթակղությանը:-Հիշի՛ր ինձ:

Լուսանկար դառնալու և լուսանկար դնելու միջակայքում:-Հիշի՛ր ինձ:


Ժանրը՝ Մանկություն

Ֆորմատը՝  մեքսիկու գեն

Նշանաբանը՝ Կոչեմ ապրողաց

Ժամանակը՝ Տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներ

Imdb գնահատականը՝8.7

Իմ հոտառությամբ՝ 8.0

Ում համար՝ 3-90 տարեկան ծնողների

Էլ ու՞մ համար՝  Փոքրիկ Իշխանի Աղվեսի

Ենթադրյալ անվանակարգը՝ Լավագույն անիմացիոն ֆիլմ

Հաղթելու հավանականությունը՝ շատ բարձր


Լեւոն Գայլ Ավետիսյան