20.01.2018 13:35

Գեւորգ Նալբանդյան. Հեռացրին, որպեսզի հետո խնդրեն վերադարձնել

Գեւորգ Նալբանդյան. Հեռացրին, որպեսզի հետո խնդրեն վերադարձնել

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մեծագույն երազանքն է, որ Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանին: Նա հավատում է, որ դա կլինի: Ե՞րբ, ինչպե՞ս՝ Շարմազանովը չի պարզաբանում, քանի որ չգիտի: Ոչ ոք չգիտի, թե ինչպես է Ղարաբաղը վերադառնալու բանակցությունների սեղանին: Փոխարենը շատերը տեղյակ են, որ 1992-98 թվականներին Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր:

Ամեն ինչ հակառակ ընթացք ստացավ, երբ Ռոբերտ Քոչարյանը որոշեց, որ ինքը նաեւ Ղարաբաղն է ներկայացնում: Դա մեծ նվեր էր Ադրբեջանին, որի պտուղները Բաքուն ամեն օր է քաղում: Անցել է քսան տարի, այդ ընթացքում միակ մխիթարությունն այն է, որ Մինսկի խմբի համանախագահները երբեմն նաեւ Ղարաբաղ են այցելում: Նրանք նաեւ ասում են, որ կարգավորման ինչ-որ փուլում հնարավոր է բանակցություններին մասնակցի նաեւ Ղարաբաղը: «Ինչ-որ փուլը» շատ առաձգական հասկացություն է: Ասվածից կարելի է ենթադրել, որ Ղարաբաղի ձայնը լսելի կդառնա, երբ Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքային համաձայնության եկած կլինեն արդեն: Բայց ու՞մ է պետք, ռուսների ասած, ճաշից հետո մանանեխը:

Նման իրավիճակում չհայտնվելու համար հարկ է ոչ թե Շարմազանովի «արտադրության» փուչիկներ պայթեցնել, այլ հանդես գալ լուրջ նախաձեռնությամբ: Եթե իշխող կուսակցությունն իրոք ցանկանում է, որ Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանին, պետք է փոխի Ղարաբաղի կարգավորման իր պատկերացումը: Բանակցություններին Ղարաբաղի մասնակցությունը բացառվում է, քանի դեռ Շարմազանովը կարծում է, որ կարգավորումը պետք է լինի փաթեթով, իրացումը՝ փուլ առ փուլ: Դա մաքսիմալիստական մոտեցում է, որից իշխանությունը չի ուզում հրաժարվել, քանի որ չունի քաղաքական կամք եւ չի ցանկանում խնդիրը լուծել: Քարոզչական իմաստով հանրապետականների ճամարտակությունները հասկանալի են:

Խնդիրն այն է, որ չի կարելի երկրի, պետության, Ղարաբաղի եւ ողջ հայ ժողովրդի ապագան ստորադասել քաղաքական նպատակահարմարությանը: Իշխանությունը պարտավոր է վերջ տալ պոպուլիզմին, հասարակությանը ներկայացնել Ղարաբաղի կարգավորման պրագմատիկ ծրագիր եւ այդ ռեսուրսով գնալ Ադրբեջանի հետ բանակցությունների: Ցավալի է, բայց փաստ՝ բանակցություններին Ղարաբաղի լիարժեք մասնակցության հեռանկարը չափազանց մշուշոտ է: Առարկայական է կարգավորման «սանձերը բաց թողնելու» վտանգը: