22.01.2018 10:30

Ադեբայորն ատում է «Արսենալին» և Վենգերին

Ադեբայորն ատում է «Արսենալին» և Վենգերին

«Արսենալի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը հայտարարել է, թե ատում է Կանոնիրներին, իսկ նրանց գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին համարում է կեղծիք։

Ադեբայորը, ով հիմա հանդես է գալիս թուրքական «Իստանբուլ Բաշակշեխիրում», նշանակալի հետք է թողել անգլիական ֆուտբոլում։ Բայց Էմանուելը մինչև հիմա բարկացած է Վենգերի վրա, ով դրդեց նրան տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» 2009-ին։ Էմանուելը գտնում է, որ Արսենը Ժոզե Մոուրինյոյի «տրորած հողն էլ չարժի», որի հետ հետագայում աշխատել է «Ռեալում»։

«Մոուրինյոն այն մարզիչն է, ով ամեն գնով ուզում է մրցանակներ նվաճել, նույնիսկ եթե հանուն դրա անհրաժեշտ լինի «ավտոբուս», գնացք կամ էլ ինքնաթիռ կանգնեցնել։ Նա պարզապես ուզում է հաղթել, և նա ամեն ինչ կանի հանուն հաղթանակի։

Նա չի քնի։ Նա պատրաստ է օրվա 24 ժամն աշխատել, որպեսզի պարզապես հաղթի մեկ խաղում, իսկ Արսենը միայն սիրում է երեխաներին դաշտ հանել և նրանցից լավ խաղացողներ պատրաստել։ Նա կարծես ուսուցիչ լինի։

Մոուրինյոն այն մարզիչներից է, որոնց սիրել եմ ու միշտ կսիրեմ։ Նա ամենաազնիվ մարզիչներից մեկն է, որոնց երբևէ հանդիպել եմ իմ կարիերայի ընթացքում։ Դա խելագարություն է, որովհետև մարզիչների մեծ մասը կեղծիք է։

Օրինակ ես հանդիպել եմ Վենգերի հետ նրա աշխատասենյակում, երբ նա ասաց, թե ես պետք է հեռանամ և նա ինձ համար ապագա չի տեսնում «Արսենալում»։ Ես ստիպված էի հեռանալ։

Ես նույնիսկ ասացի նրան, որ ուզում եմ մնալ, բայց նա պատասխանեց. «Դու շանս չես ստանա։ Մենք քեզ թույլ չենք տա պայքարել տեղի համար։ Եթե մնաս՝ այլևս չես խաղա»։ Ուստի այլընտրանք չկար, քան «Սիթի» տեղափոխվելը, և ես շատ ուրախ էի այնտեղ ուղևորվելով։

Իմ տեղափոխության հաջորդ օրը Վենգերը Լոնդոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, թե ես եմ ցանկացել հեռանալ, որովհետև ինձ մեծ փողեր են առաջարկել և այլն։ Այդ օրվանից ես ատեցի «Արսենալին», բայց ոչ նրա երկրպագուներին, որովհետև նրանք են առաջին անգամ իմ անունը վանկարկել Անգլիայում։

Նույնիսկ հիմա, երբ նայում եմ նրանց հանդիպումները, ես ուզում եմ, որ նրանք հաղթեն։ Բայց նաև ուզում եմ, որ պարտվեն, քանի որ շատ եմ բարկացած»,- Ադեբայորին է մեջբերում Daily Mirror-ը։