22.01.2018 12:50

Թուրքիան հայտարարել է Սիրիայում քրդերի վրա հարձակման մասին

Թուրքիան հայտարարել է Սիրիայում քրդերի վրա հարձակման մասին

Թուրքական զորքերը հայտարարել են Սիրիայի հյուսիսում քրդերի նկատմամբ ցամաքային գործողություն սկսելու մասին: Քրդերն, իրենց հերթին, պնդում են, որ ետ են մղել հարձակումը:

Թուրքական իշխանությունները հաղորդել են, որ «Սիրիական դեմոկրատական ուժերի» դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության երկրորդ օրը թուրքական Գուլբաբա գյուղից անցել են Սիրիայի սահմանը և մտել սիրիական Աֆրին քաղաք:

Այն մասին, որ թուրքական զորքերը մտել են Սիրիայի՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջաններ, հաղորդել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը: Քրդերը պնդում են, որ ետ են մղել հարձակումը և թուրք զինվորներին ստիպել են նահանջել սահմանից այն կողմ:

Յիլդիրիմի խոսքով՝ թուրքական կողմից ոչ մի զոհ կամ վիրավոր չի եղել:

HaberTurk հեռուստատեսությունը, հղում անելով վարչապետին, հաղորդել է, որ գործողության վերջնական նպատակը Աֆրին նահանգում թուրք-սիրաիական սահմանին 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելն է:

Քուրդ աշխարհազորի ներկայացուցիչները և Լոնդոնում տեղակայված՝ Մարդու իրավունքների վերահսկողության սիրիական կենտրոնը կիրակի հաղորդել են թուրքական ավիահարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին, սակայն Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ այդ տեղեկությունները հավաստի չեն:

Փոխանցում է BBC-ն: