22.01.2018 13:16

Հակառակորդը շփման գծում ԱԹՍ-ներ է կիրառել

Հակառակորդը շփման գծում ԱԹՍ-ներ է կիրառել

ԼՂՀ ՊԲ հունվարի 20—ին հաղորդագրություն է տարածել, որ «ոտնահարելով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ հակառակորդը հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ»:

Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որեւէ կորուստ չի ունեցել: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ էր անում հետեւել ստանձնած պարտավորություններին եւ խուսափել իրադրության հետագա լարման արկածախնդիր մարտավարությունից:

Ավելի ուշ, ՊԲ-ն փոխանցեց, որ հունվարի 20-ին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդի կողմից՝ ականանետի արկի կիրառմամբ,  անօդաչու թռչող սարք օգտագործելուց հետո ՊԲ օպերատիվ տվյալներով պարզվել է, որ  նշված ուղղությանը հարակից մեկ այլ բնագծում ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել եւս մեկ հարվածային ԱԹՍ, բայց այս անգամ՝ ականանետի արկի փոխարեն կիրառելով սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ:

«Զավեշտական է, որ շուրջ չորս միլիարդ ռազմական բյուջեի մասին անընդհատ բարձրագոչող Ադրբեջանը 21-րդ  դարում օգտագործում է տնայնագործությամբ (кустарный) պատրաստված «ռազմատեխնիկական» միջոց, որը,   դեռեւս 20-րդ դարում կիրառում էին  աֆղանական մոջահեդները, իսկ ապա նաեւ՝ «իսլամական պետության» ահաբեկիչները: Հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որեւէ կուրուստ չի ունեցել»,- հայտարարել է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը: