22.01.2018 16:28

Քրիստինե Խանումյան. Թեկնածուի համազգայինն է լավ, սցենարիստի՝ կրեատիվը

Քրիստինե Խանումյան. Թեկնածուի համազգայինն է լավ, սցենարիստի՝ կրեատիվը

Արմեն Սարգսյանին Հայաստանի հաջորդ նախագահ (նոր Սահմանադրությամբ՝ զուտ ներկայացուցչական պաշտոնում, «անգլիական թագուհի») դարձնելու մտադրությունն իշխանությունները որոշել են մարդկանց մատուցել շատ ուշագրավ փաթեթավորմամբ: Նախ՝ հայտարարում են, թե իշխանություններին անհրաժեշտ է, որ իրենց թեկնածուն նախագահ «ընտրվի» խորհրդարանական լայն կոնսենսուսի պայմաններում: Հետո հայտարարում են նրա անունը, ու հաջորդիվ տեսախցիկի առաջ Սարգսյանին հարց է ուղղվում՝ ի՞նչ եք մտածում նախագահ դառնալու մասին: Սարգսյանն էլ «շոյված ու համեստաբար» ասում է, թե իբր իրեն ժամանակ է պետք մտածելու համար, եւ որ որոշում կայացնելուց առաջ պետք է հանդիպի Պողոսին, Պետրոսին, գիտնականին, բանվորին ու շինարարին, գնա հյուսիս ու հարավ, դիմի բոլորին-բոլորին, հարցնի բարի ոգիներին, գուշակներին ու աստղագետներին….շարունակել կարելի է անվերջ: Բայց իմաստը, թե բոլորին հարցնի, ու եթե բոլորի «բարին» ստանա, հասկանա, որ բոլորն ուզում են իրեն տեսնել նախագահի պաշտոնում, որոշում կայացնի ու համաձայնություն տա, որպեսզի հետո հռչակվի ամենայն հայոց, մտավորականաց-բանվորաց-գիտնականաց նախագահ: Մի խոսքով, հռչակվի նախագահ՝ հազար կամ 100 հազար տոկոս լեգիտիմությամբ:

Եթե ուշադիր լինենք, պրոցեսի էությունը շատ նման է սահմանադրական «բարեփոխումներին» նախորդած շրջանին: Իշխանությունները հավաքեցին բոլորին-բոլորին, (այսինքն՝ նրանց, ովքեր կողմ էին, կապ չուներ, որ հիմնականում միհոգանոց կուսակցություններ ու մերձիշխանական անձինք էին), ու թիվ ցույց տվեցին, իբր Սահմանադրության փոփոխությանն այո են ասում բոլորը, փոփոխություններն իբր իրական պահանջարկ ունեն, իշխանություններն էլ անսում են հասարակաց պահանջին:

Բայց այստեղ մի «ՊոԿՌիք սպռավըչկա». նախագահի թեկնածուն, ամեն դեպքում, անձ է, եւ ցանկացած անձի ցանկացած պաշտոնում թեկնածու դարձնելուց առաջ հարցնում են նրա կարծիքն ու միայն համաձայնություն ստանալուց հետո են նրան ներկայացնում:

Դե, որովհետեւ՝ մարդ ես, կարող է այնպես պատահել, որ այդ անձը չի ցանկանում ինչ-որ պաշտոն, հո խայտառակ չե՞ս լինելու այդ դեպքում: Անգամ թաղապետին որպես թեկնածու չեն ներկայացնում, քանի դեռ չեն խոսել նրա հետ եւ  չեն ստացել նրա համաձայնությունը: Ուրեմն՝ ի՞նչ, էս նոր նախագահի պաշտոնը մի գյուղապետի պաշտոնի չափ էլ չկա, որ թեկնածուի կարծիքը հարցնեն մինչեւ ներկայացնելը: Թե՞ իշխանություններն են այնքան անինքնասեր, որ մարդուն բերում կանգնեցնում (նստեցնում) են տեսախցիկի առջեւ ու այդ ժամանակ են միայն հարցնում կարծիքը՝ կարո՞ղ է պատահի ուզեք նախագահ դառնալ:

Իրականում՝ ակնհայտ է, որ նման բան չի կարող լինել, այն էլ՝ հայաստանյան իշխանությունների պարագայում: Մինչեւ կուլիսներում իրենք իրենց հարցերը չլուծեն, չեն հրապարակայնացնի: Հետեւաբար, եթե հրապարակայնացնում են, ուրեմն՝ կուլիսներում ամեն ինչ արված է: Բայց այս դեպքում ո՞րն է շոու սարքելու նպատակը: Նպատակն, ինչպես արդեն վերեւում նշեցինք, համազգային համաձայնության ֆոն ստեղծելն է: Կասկած չկա, որ արդեն կուլիսներում որոշված են երկրորդ ու երրորդ պլանի այն դերակատարներն ու նրանց անելիքները, որոնք շոուի ընթացքում պետք է հանդիպեն ՀՀԿ-ի թեկնածուին ու իրենց համաձայնությունը տան՝ հիացմունքով համեմած: Կուլիսներում որոշված է անգամ զանգվածային տեսարանների յուրաքանչյուր մասնակցի անձ, անելիք, ասելիքը:

Սցենարը բոլոր դետալներով գրված ու հաստատված է: Իմպրովիզներ չեն կարող լինել: Պարզապես ականատես ենք հերթական բեմադրության, որը կարելի է անվանել «Ինչպես ՀՀԿ-ի թեկնածուին դարձնել համազգային»: Այսքանը: Պարզապես այս նույն սցենարով մի քանի քաղաքական ֆիլմ արդեն դիտել ենք: Սցենարիստը կրկնվում է: Թոշակի ուղարկելու ժամանակն է: