22.01.2018 16:51

Լիզա Ճաղարյան. Չհեգնենք՝ բա ի՞նչ անենք

Լիզա Ճաղարյան. Չհեգնենք՝ բա ի՞նչ անենք

Եթե հիշողությունս չի դավաճանում, ապա առնվազն մի քանի տասնյակ անգամ կարդացել ու լսել եմ մեր պատմությունից տեղյակ ու հեղինակավոր մարդկանց հետեւյալ պնդումը, թե հայերս սովորաբար սոցիալական խնդիրների պատճառով «ազգովի» ոտքի կանգնելու «բարի ավանդույթ» չունենք։

Ու չեմ նկատել, որ այս պնդման դեմ որեւէ ծանրակշիռ հակափաստարկ հնչի։

Ինքս ոչինչ չեմ պնդում, ընդամենը փաստն եմ արձանագրում։

Ու հոգեպարար մտքեր հայտնելու մտադրություն չունեմ, թե՝ դե, ո՞վ չգիտի, որ հայերս հոգեւոր (Նարեկացին վկա), բիբլիական (Արարատը վկա), համաշխարհային (Ս. Սարգսյանին կից խորհրդի նախագահը վկա) ազգ ենք եւ այդպիսի մանրապճեղ հարցերով մեր ծանր տեղը չենք թեթեւացնում։ Սրտակեղեք թառանչների ծանր բեռը սիրով նվիրում եմ ՀՀԿ-ականներ Շուշանին ու Մարգոյին։

Այս ռեպլիկը նույնպես չէի գրի, եթե հարգարժան կայքերից մեկի հարգարժան խմբագրի այս տողերը չկարդայի. «...եթե այդ հարյուր հազարավոր մարդիկ դժգոհ են, ապա ինչու նրանք դուրս չեն գալիս փողոց, երբ քաղաքական ուժերից մեկը ակցիա է կազմակերպում թանկացումների դեմ: Իհարկե, ամենահեշտը կլիներ մեղադրել այդ քաղաքական ուժին, այս դեպքում՝ «Ելքին», թույլ, ոչ հեղինակավոր կամ գուցե ոչ անկեղծ լինելու մեջ: Բայց այդ մեղադրանքները սովորաբար հնչեցնում են կա՛մ իշխանությունները, կա՛մ էլ այն ընդդիմադիրները, որոնք հաստատ «Ելքից» պակաս հեղինակավոր են եւ, որն ավելի կարեւոր է՝ պակաս անկեղծ» («Առավոտ»): 

Ճիշտն ասած, չգիտեմ, թե հատկապես ո՛ր ընդդիմադիրներին նկատի ունի հեղինակը, չեմ էլ ձգտում իմանալ, բայց քանի որ ինքս «Ելքի» ընդդիմախոսներից եմ, պարզաբանեմ, թե ինչու որոշեցի անպատասխան չթողնել այս գնահատականը։

Ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի հասարակությանը կոչ անելու, որ փողոց դուրս գա ու բողոքի ցույց կամ երթ անի իր ոտնահարված իրավունքների համար եւ հետո այդ նույն մարդկանց ուղարկի տուն։

Ցանկացա՛ծ, բայց՝ ո՛չ «Ելքը»։ Այդ իրավունքից ինքն իրեն զրկել է հենց «Ելքը»։

Ես չեմ կարծում, թե հեղինակը չի հետեւել «Ելքի» առաջին դեմքերից մեկի ելույթներին ու հարցազրույցներին, չի հիշում, որ այս մարդը «ընդվզել է» այն քաղաքական ուժի դեմ, որին ջերմեռանդորեն հարում էր, որովհետեւ «հասկացել է», որ ժողովրդին չի կարելի խաբել, իսկ խաբելն էլ, ըստ այս կրակոտ հռետորի՝ այն է, որ հասարակությանը հանում ես փողոց, հետո՝ ուղարկում տուն։ Եվ որ՝ մարդկանց պետք է հրապարակային պայքարի հանել, եթե վստահ ես, որ անպայման հաղթելու ես։ Ավելին, դու՛ չպետք է փողոց հանես, այլ պետք է սպասես՝ հասարակությունը փողոց դուրս գա, դու էլ տեսնես, որ զանգվածը կրիտիկական է, գնաս ու առաջնորդես նրանց դեպի հարյուր տոկոսանոց հաղթանակ։

Այնպես որ՝ «Ելքին» չե՛ն հեգնում մի քանի հարյուր մարդկանցով «տպավորիչ» երթ անելու համար։ Հեգնում են աղաղակող անսկզբունքայնության համար, սեփական խոսքի տերը չլինելու համար, մի բան հայտարարելու եւ այդ հայտարարությանը հակառակ քայլեր անելու համար։

Խմբագրականի հարգարժան հեղինակը կեսն ասում է, կեսը՝ ոչ։ Թե ինչու, ինքը կիմանա։

Ընդամենը կիսատը լրացրի այս շատ, անտանելի շատ մեղմ բնորոշումներով։