22.01.2018 17:13

Արսեն Գրիգորյան. Ջղային բանաստեղծը

Արսեն Գրիգորյան. Ջղային բանաստեղծը

Ֆեյսբուքյան իր էջում բանաստեղծ Հուսիկ Արան մի ստիխ է հրապարակել Հայաստանի մասին՝ իմ երկիրը՝ արեւելյան թերմացք, նեխելու է կեղծիքի մեջ ու ստի։ Հայաստանն արեւելյան թերմացք անվանելը շատերի դուրը չի եկել։

Ես բանաստեղծի զգացողության հետ կռիվ չունեմ։ Ի վերջո, բանաստեղծությունը երբեք «մասին» չէ, այն ինքդ ես։ Բայց բանաստեղծությունը պետք է ունենա ինքնապաշտպանության նույնպիսի վահան, որպիսին մարդու օրգանիզմն է։ Երբ հարձակվում ես բանաստեղծության վրա, ինքը պետք է արդեն ավարտած լինի իր կռիվը։ Հուսիկ Արան առաջարկում է մի բանաստեղծություն, որում ամեն ինչ կա, որպեսզի «բեմից չիջնի»։ Բայց այնտեղ բանաստեղծություն չկա։ Այս բանաստեղծությունը կարող էր հիշեցնել Իսահակյանի մարգարեական տողերը՝ ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով։ Այն իմաստով, որ ինքը նույնպես մարգարեանում է։ Կամ՝ Լերմոնտովի «Ցտեսություն, անլվա Ռուսաստան» ստիխը։

Հուսիկ Արայի տողերի դեմ ֆեյսբուքյան ագրեսիան չափազանց քաղքենիական է։ Այն արժանապատվության ագրեսիա է։ Ոչ մի խնդիր։ Բայց բանաստեղծությունն ի՞նչ գործ ունի որեւէ մեկի արժանապատվության հետ։ Բանաստեղծն ինչու՞ պետք է իր Հայաստանը համաձայնեցնի որեւէ մեկի Հայաստանի հետ, այլ խոսքով՝ ինչու՞ պետք է իր ծնունդը, իր բեմելը համաձայնեցնի։ Նա աշխատանքի չի ընդունվում, որտեղ նրա առաջ որոշ նախապայմաններ են դրել, նա ոչ մեկի խաղի կանոններով չի գրում։ Հուսիկ Արան գրել է մի ստիխ, որում պրովոկացիան կերել է գեղագիտությունը։ Եվ դա նրա իրավունքն է։ Նա բանաստեղծ է եւ վերջին բանաստեղծը չէ։ Եվ նրա նկարագրածն էլ Հայաստանը չէ։ Հայաստանը ինքն է, ես եմ եւ ստիխն ընդունած կամ չընդունած ընթերցողն է։ Հուսիկ Արան գրել է մարդկանց մասին։ Հիմքում կարելի է տեսնել տապալված սերը։ Հիմքում տեսանելի են ստիխից դուրս մնացած բառերը, որոնք իրենք են փախել այս պրովոկացիայից։ Հուսիկ Արան նույնպես մենակ է մնացել իր մտահղացման հետ։ Նա լավ չի գրել որպես բանաստեղծություն։ Բայց իր սադրանքը,-ավելի հավանական է, որ անմեղ, քան անքուն գիշերների պոռթկում,-շնչավորել է բանաստեղծությունը որպես երեւույթ։ Իր ճանապարհին բանաստեղծը զոհաբերել է ամեն ինչ, եւ ամենաքիչը՝ հայոց լեզուն։ Համենայնդեպս, «թեւերի տակ սարդոստայն» ձեւակերպումը մի փոքր կոմիքսային է։

Այս ստիխն ունի ապրելու իրավունք։ Լեզվի տեսանկյունից այստեղ սպառնալիքներ չկան հայերենի հանդեպ։ Ընթերցողին սարսափեցրել է այս ստիխի ունիվերսալ անպատկառությունը, որի մեջ բոլորը տեսել են իրենց մահը։ Չէ՞ որ պոետն ի վերջո մի քիչ մահախոսական է գրել, եւ այս էլեգիական տողերի մեջ ինքն ավելի պարարտ է, քան՝ մյուսները։ Հուսիկ Արան վրիպել է, որովհետեւ բանաստեղծությունը մեղադրանք է։ Այս բանաստեղծությունը փողոց է դուրս եկել որպես կռիվ։ Բայց նրա դեմ սուր ճոճողները համարժեք ոչինչ չունեն իրենց ձեռքի տակ Լերմոնտովից բացի, որը մի փոքր զինակից է մեր պոետին։ Հուսիկ Արան արձանագրում է, որ մենք, որպես թերմացք, մեր իսկ ճակատագիրն ենք։ Հենց սա է հուշում, որ ինքը գրել է դատապարտվածության, դժոխքի մասին։ Այլեւս պրծում չկա այսպիսի Հայաստանից։ Բանաստեղծը մարգարեացել է, իսկ մարգարեության մեջ միշտ մի քիչ դատավճիռ կա։ Եվ ինչու՞ չպետք է գրի։ Սակայն բանաստեղծությունը պետք է փախչի նոստրադամուսականությունից։ Առավելեւս՝ գուշակությունից։ Որովհետեւ գուշակությունն ավարտուն է, բանաստեղծությունը չպետք է ավարտվի իր գուշակության հետ։ Հուսիկ Արան իր ընթերցողին սարսափեցրել է ջղային խոստումներով։ Եվ դա արել է իր միակ զենքով՝ տեքստով։ Իսկ տեքստի դեմ կռիվն առանձնապես ջանք չի պահանջում ոչ մեկից։ Ահա ինչու բանաստեղծությունը պետք է իր կռիվն ավարտած լինի մինչեւ աչքի ընկնելը։ Բանաստեղծությունը չի կարող, պարտավոր չէ եւ չպետք է հաշիվ տա իր գոյության համար։ Բանաստեղծությունը չպետք է ձեռնոց նետի։ Նույնիսկ եթե այն ոչ մեկին ուղղված չէ։ Սակայն հավանաբար պետականությունը մատաղի մսի տեղ իր իսկ ոտքերի առաջ փռող հասարակության եւ իշխանության հետ այլ լեզվով խոսել հնարավոր չէ։ Չգիտեմ։