22.01.2018 22:52

Մխիթարյանը պաշտոնապես Արսենալի խաղացող է

Մխիթարյանը պաշտոնապես Արսենալի խաղացող է

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվել է Լոնդոնի Արսենալ: Ակումբի պաշտոնական թվիթերյան էջը հաղորդագրություն է արել՝ «Սիրում ենք այսպիսի բաներ: @HenrikhMkh - Մենք ուրախ ենք, որ դու այստեղ ես»:

Իսկ ակումբի ֆեյսբուքյան էջը փոխել է ետնանկարը (cover-photo)՝ պատկերելով Մխիթարյանին Արսենալի համազգեստով:

«Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք ավարտել այս գործարքը, եւ ուրախ եմ, որ այստեղ եմ: Երազանքս կատարվեց, որովհետեւ ես միշտ երազել եմ խաղալ Արսենալում: Այժմ այստեղ եմ եւ անելում եմ ամեն ինչ այս ակումբի համար՝ պատմություն կերտելու համար», Arsenal.com-ին տված հարցազրույցում ասել է Հենրիխը:

Նա նշել է, որ միշտ սիրահարված է եղել Արսենալի խաղաոճին եւ ակումբի երկարամյա մարզիչ Արսեն Վենգերի աշխատանքին:

«Շատ երիտասարդ խաղացողներ են եղել, որոնց մարզել է նա (Վենգերը), եւ նրանք շատ լավ արդյունքների են հասել: Իհարկե, ես սիրահարված էի Տիերի Անրիի խաղին: Ինձ դուր էր գալիս նրա խաղաոճը, հավանաբար, նաեւ դրա համար էի ես երկրպագում Արսենալին», - ասել է Մխիթարյանը:

Թիմի անփոփոխ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը իր հերթին նշել է, որ երկար ժամանակ Մխիթարյանի երկրպագուն է եղել, եւ հիմա ուրախ է, որ նա իր թիմում է:  

Արսենալի մարզիչը թեեւ կորցրել է Ալեքսիսի նման խաղացողի, բայց կարծում է, որ հայ փլեյմեյքերը զինագործների խաղի վրա մեծ ազդեցություն կգործի:

«Մենք փոխել են շատ լավ խաղացողին շատ լավ խաղացողի հետ, համաշխարհային մակարդակի խաղացողին՝ համաշխարհային մակարդակի խաղացողի հետ», - ասել է Վենգերը:
Նրա խոսքով, Մխիթարյանը կարող է խաղալ եզրում կամ կենտրոնում: «Ես կարծում եմ, որ նա կարող է շատ լավ խաղալ շատուշատ դիքերում: Դա եւս մեզ օգուտ կտա, որովհետեւ նա կարող է խաղալ Օզիլի հետ միասին նաեւ որպես փլեյմեյքեր: Մի խոսքով, սա ցանկացած պարագայում լավ է», - նշել է ֆրանսիացին:

Հայ կիսապաշտպանը Արսենալ է մեկնել Ալեքսիս Սանչեսի հետ տեղափոխության արդյունքում: Մխիթարյանը զինագործների կազմում ավելի շատ գումար կվաստակի, քան Մանչեսթերում:

Արսենալի երկրպագուներն արդեն ողջունում եմ Միկիի գալուստը Լոնդոն: Մեկնաբանությունների զգալի մասը վերաբերում է Մխիթարյան-Օբամեյանգ զույգի վերականգնման հեռանկարին: