23.01.2018 01:38

Amazon-ը գործարկել է առանց վաճառողի ու դրամարկղի առաջին սուպերմարկետը

Amazon-ը գործարկել է առանց վաճառողի ու դրամարկղի առաջին սուպերմարկետը
Reuters

Amazon ընկերությունը երկուշաբթի բացել է առանց դրամարկղի ու վաճառողների առաջին սուպերմարկետը: BBC-ի փոխանցմամբ, դա կարող է արմատապես փոխել գնումներ անելու մասին մեր պատկերացումները:  

Ըստ նոր համակարգի, խանութ մտնելով, գնորդը անցնում է մետրոյի տուրնիկետ հիշեցնող շրջանակի միջով, նույնականացնող սարքի մոտ է պահում սմարթֆոնը, որի վրա միացրած է Amazon Go-ի հավելվածը: Այնուհետեւ գնորդը կարող է դարակներից մթերք վերցնել՝ բուտերբրոտներ, փաթեթավորված սալաթներ, խմիչք, թխվածք եւ այլն, դրանք դնել միանգամից իրենց պայուսակները եւ դուրս գալ խանութից:

Դարակների վրա տեղադրված զգիչները (սենսորները) միանգամից ապրանքի արժեքն ավելացնում են ընդհանուր արժեքին կամ հանում են՝ եթե գնորդը ապրանքը հետ է դնում:

Վաճառողի հետ դեմառդեմ շփումը կարող է պետք գալ միայն ոգելից խմիչքի գնման դեպքում, երբ անհրաժեշտ լինի փաստել, որ գնորդը չափահաս է:

Մասնագետները կարծում են, որ այս նորամուծությունը թույլ կտա ձերբազատվել դրամարկղերի մոտ առաջացող երկար հերթերից:   

Համակարգը փորձարկվել է ամերիկյան Սիեթլ քաղաքում: