23.01.2018 11:26

Էրդողան. Սիրիայում գործողության վերաբերյալ Թուրքիան պայմանավորվել է Ռուսաստանի հետ

Էրդողան. Սիրիայում գործողության վերաբերյալ Թուրքիան պայմանավորվել է Ռուսաստանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակի գործողությունները Սիրիայում համաձայնեցված են Ռուսաստանի հետ:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ երկրի զինված ուժերը քուրդ աշխարհազորայինների նկատմամբ եռօրյա հարձակման արդյունքում գրավել են մի քանի գյուղ և բնակավայր Սիրիայի հյուսիս-արևմուտքում: Այդ հաղորդագրությունների համաձայն՝ երկուշաբթի թուրքական զորքերը, սիրիացի դաշնակից գրոհայինների հետ միասին, իրենց վերահսկողության տակ են վերցրել Աֆրինի շրջանում մի քանի բնակավայրեր:

Երկուշաբթի Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ դադարեցնել ռազմական գործողությունը, որը մեկնարկել է կիրակի և ստացել «Ձիթենու ճյուղ» անվանումը: «Մենք վճռական ենք տրամադրված: Մենք Աֆրինի հետ կապված հարցերը կլուծենք: Մենք չենք նահանջի,- երկուշաբթի հանդես գալով ուղիղ եթերով՝ հայտարարել է Էրդողանը, ապա հավելել:- Մենք դա քննարկել ենք մեր ռուսաստանցի բարեկամների հետ. մենք պայմանավորվածություն ունենք»:

Փոխանցում է BBC-ն: