23.01.2018 12:17

Յայա Ջամմե՝ նախագահ, որը ստիպում էր խմել «թուրմ՝ ՄԻԱՎ-ի դեմ»

Յայա Ջամմե՝ նախագահ, որը ստիպում էր խմել «թուրմ՝ ՄԻԱՎ-ի դեմ»

Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամմեին, որը երկու տասնամյակ իշխանության ղեկին լինելուց հետո մեկ տարի առաջ լքել է երկիրը, բազմաթիվ հանցանքների մեջ են մեղադրում: Սակայն ամենատարօրինակ մեղադրանքը՝ իր իսկ հորինած խոտաբույսերի թուրմով հազարավոր մարդկանց ՄԻԱՎ-ից «բուժելու» մեղադրանքն է: Թե քանի մարդ է մահացել այդ բուժման հետևանքով՝ հայտնի չէ:

Առաջին մարդը, որ Գամբիայում 2000 թ. հրապարակավ հայտարարել է ՄԻԱՎ վարակակիր լինելու մասին, Լամին Սիսեյն էր:

2007 թ. սկզբին Ջամմեն հայտարարել է, թե հայտնաբերել է մի հրաշագործ միջոց, որը համատեղում է բուժիչ խոտաբույսեր և հոգևոր բուժամիջոցներ: Ավելի տարօրինակ էր այն, որ այդ դեղամիջոցը, Ջամմեի ասելով՝ բուժում էր միայն երկուշաբթի և հինգշաբթի օրերը:

Պատահական չէ, որ այդ հեքիմությունը դատապարտվեց աշխարհի բժիշկների կողմից և գնահատվեց որպես ծայրաստիճան վտանգավոր: Սակայն Գամբիայում նախագահին ասել, թե նրա բուժումը պարզապես հիմարություն է, նշանակում էր՝ հայտնվել բանտում:

Երբ Լամին Սիսեյի բարեգործական կազմակերպությունը հրավեր էր ստացել 10 կամավորների համար, ովքեր կհամաձայնեին «փորձնական ճագարների» դեր կատարել նախագահի վեցամսյա բուժական ծրագրում, նա հասկացել էր, որ ընկրկելու տեղ չունի: Սիսեյը ժամանել էր խորհրդարանի շենքում նախագահի կազմակերպած կլինիկան,  և նրան այստեղ բացատրել էին բուժման կուրսի հիմնական կանոնները. չծխել, թեյ կամ սուրճ չխմել, ոչ մի սեքս: Եվ ամենակարևորը՝ չընդունել ավանդական բժշկական դեղորայք: Պարզվել էր, որ ետդարձի ճանապարհ չկա: Հիվանդանոցի դռների մոտ կանգնած էր Ջամմեի զինված պահակախումբը: Առանց նրա թույլտվության՝ ոչ մի հիվանդ չէր կարող դուրս գալ հիվանդանոցից առաջիկա վեց ամսվա ընթացքում:

Բուժումն սկսվել էր: Ամեն առավոտ նախագահը հիվանդների մարմնին ինչ-որ կանաչ քսուք էր քսում՝ այդ գործողությունն ուղեկցելով կաշվե կազմով Ղուրանից աղոթքներ ընթերցելով: Այնուհետև հիվանդներն օրական երկու անգամ ինչ-որ դեղնավուն հեղուկ էին խմում: Ջամմեն հաժարվում էր ասել, թե դա ինչ է, թեպետ նրան համոզում էին, որ եթե նա իսկապես գտել է ՄԻԱՎ-ի դեղամիջոցը, ապա Գամբիան միանգամից կհարստանա:

Սիսեյն այն երջանիկներից է, որոնք ողջ են մնացել այդ «բուժումից» հետո. մեծ մասը մահացել է: Մինչդեռ Ջամմեն հանրությանը այլ բան էր ներկայացնում: Նա ստիպում էր, որ իր հիվանդները հանդես գան պետական հեռուստատեսությամբ և պատմեն, թե ինչ հաջողությունների են հասել բուժման ընթացքում:

Ջամմեի նախկին հիվանդներն այժմ համագործակցում են ամերիկյան Aids-Free World կազմակերպության հետ, որն մտադիր է այդ բուժական ծրագրի կապակցությամբ մեղադրանք առաջադրել նրան: Կազմակերպությունը պնդում է, որ դա, ըստ էության, մարդու իրավունքների ոտնահարման ամենաաղմկոտ դեպքերից է: Ընդ որում, ի տարբերություն Ջամմեի գաղտնի բանտերի ու խոշտանգման խցերի՝ դա տեղի է ունեցել ամբողջ աշխարհի աչքի առաջ, բացահայտորեն:

Ընդհանուր առմամբ՝ այդ կերպ «բուժում» է ստացել 9 հազար մարդ: Ջամմեն գաղտնի էր պահում հիվանդանոցի փաստաթղթերը, և առայժմ ոչ մեկին չի հաջողվել պարզել, թե նրանցից քանիսն են մահացել: Բայց մի բան պարզ է. այդ «հրաշագործ միջոցի» ամենամեծ «հրաշքը» կարելի է համարել այն, որ գոնե ինչ-որ մեկը ողջ է մնացել:

Փոխանցում է BBC-ն: