23.01.2018 12:48

Սարկավագ-բուժեղբայրը սպանում էր՝ կարեկցանքից դրդված

Սարկավագ-բուժեղբայրը սպանում էր՝ կարեկցանքից դրդված

Բելգիայում սկսվել է կաթոլիկ սարկավագի դատավարությունը, որին առնվազն տասը մարդու սպանության մեղադրանք է ներկայացվել, այդ թվում՝ իր սեփական մոր:

Իվո Պոպպեն, որը համատեղության կարգով նաև աշխատում էր որպես բուժեղբայր, մեղադրվում է այն բանի համար, որ իր զոհերին օդի ներարկումներ է կատարել, ինչը հանգեցրել է արյունատար անոթների խցանման և մահվան պատճառ է դարձել:

Մեղադրական կողմը պնդում է, որ բոլոր սպանությունները կատարվել են Մենենի կլինիկայում, որտեղ Պոպպեն, նախ, բուժեղբայր է եղել, ապա, սարկավագ ձեռնադրվելուց հետո, այնտեղ նաև քահանայական աշխատանք է կատարել:

Նա ինքն իր գործողություններն անվանում է էվթանազիա՝ պնդելով, որ գործել է ծերերի և անբուժելի հիվանդների նկատմամբ կարեկցանքից դրդված:

Բելգիական մամուլն արդեն 61-ամյա Պոպպեին կնքել է «մահվան սարկավագ» անունով:

Եթե նա մեղավոր ճանաչվի մեղադրանքի բոլոր կետերով, ապա դրանք կդառնան ամենազանգվածային սպանությունները Բելգիայի պատմության ընթացքում:

Փոխանցում է BBC-ն: