23.01.2018 13:58

Բեռլուսկոնին վերադառնում է

Բեռլուսկոնին վերադառնում է

Յոթնամյա բացակայությունից հետո Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վերադառնում է մեծ քաղաքականություն: Բրյուսելում նա ԵՄ ղեկավարությանը հավաստիացրել է. ընտրություններում իր «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության հաղթանակի դեպքում ինքը կհետևի եվրոպական պահպանողականների սկզբունքներին և ծրագրերին:

Երկուշաբթի առավոտյան Իտալիայի նախկին վարչապետը հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես Իստուրիսի և brexit-ի հարցով ԵՄ-ի գլխավոր բանագնաց Միշել Բարնիեի հետ: Խոսքը վերաբերել է ԵՄ քաղաքացիների իրավունքներին և Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունների արդյունքներին:

«Ինձ հավաստիացրին, որ եվրոպացիները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում ապրող 600 հազար իտալացիները, brexit-ից հետո  նույն իրավունքները կունենան, ինչ ունեն այսօր: Իսկ դա շատ կարևոր է»,- ասել է Բեռլուսկոնին:

Օրվա երկորդ կեսին նա հանդիպում է ունեցել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժան- Կլոդ Յունկերի և նրա տեղակալի՝ Անտոնիո Տայանիի հետ՝ քննարկելով միգրացիայի խնդիրը, մասնավորապես՝ դրա ծավալների փոքրացումը սահմանային վերահսկողության խստացման միջոցով:

Ի դեպ, միգրացիոն ճգնաժամը իտալացիների նախապատվությունները տեղափոխել է դեպի աջ, և «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության հաղթանակի հնարավորությունը մեծացել է: Թեպետ Բեռլուսկոնին իրավունք չունի պետական պաշտոն զբաղեցնել, սակայն նա կարող է վճռական դերակատարում ունենալ վարչապետի նշանակման հարցում:

Փոխանցում է euronews-ը: