23.01.2018 17:17

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Կյուրեղյանի փաստաբանների գանգատը. Ա1+

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Կյուրեղյանի փաստաբանների գանգատը. Ա1+

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել օդամղիչ ատրճանակից կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի երկրորդ  գանգատը, որը վերաբերում է ձերբակալության օրը ոստիկանական բաժնում Կյուրեղյանին ծեծի ենթարկելուն: Գանգատը ՄԻԵԴ են ներկայացրել փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Վահե Գրիգորյանն ու Երվանդ Վարոսյանը:

«Հուսով եմ, որ կճանաչվի ՄԻԵԴ 3-րդ հոդվածի խախտում, որովհետեւ Հայկ Կյուրեղյանը զրկված է եղել  իր նկատմամբ կիրառված բռնության արդյունավետ քննության իրավունքից եւ բացի դրանից որեւէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել:  Մինչդեռ բազմաթիվ ապացույցներով հիմնավորվում է, որ իրականում բերման ենթարկվելիս եւ հետո նաեւ ոստիկանության բաժնում  բռնություն է գործադրվել նրա նկատմամբ»,- Ա1+-ի հետ զրույցում ասել է փաստաբաններից Լուսինե Սահակյանը:

Սահակյանը նշել է, որ  արդեն  Եվրադատարանը  հարցեր է ուղղել Հայաստանի կառավարությանը: Եւ եթե ՄԻԵԴ-ը ճանաչեց խախտում, ապա Հայաստանի կառավարությունը պարտավոր է քննություն իրականացնել, պարզել մեղավորներին եւ նրանց ենթարկել պատասխանատվության

2014 թվականի հունիսի 12-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստին  Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր կայանած ավտոմեքենաներից մեկի  վրա ու օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել, որից անմիջապես հետո ձերբակալվել էր ու տեղափոխվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: 9 տարվա ազատազրկման դատավճիռը կայացվել էր 2015թ սեպտեմբերի 15-ին։