23.01.2018 18:54

Մակրոն. ԼՂ հակամարտությունը սառեցված չէ

Մակրոն. ԼՂ հակամարտությունը սառեցված չէ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված հակամարտություն չէ, իսկ , իսկ ներկայիս ստատուս-քվոն կայուն չէ, հունվարի 23-ին ասել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Մակրոնը նշել է, որ Հայաստանի մերձավոր հարեւանությունում տեղի են ունենում խորքային զարգացումներ՝ Թուրքիայում, Իրանում, Ռուսաստանում:

«Դրանք կարող են լինել մտահոգության առարկա, սակայն նրանք միաժամանակ նաեւ գործելու շարժառիթ են: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված հակամարտությունների թվին չի դասվում, իսկ ներկայիս ստատուս-քվոն կայուն չէ: Միայն բանակցությունները թույլ կտան հասնել երկարաժամկետ լուծման՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Ըստ նրա, դա կլինի մի լուծում, որը համարձակ փոխզիջումներ եւ կոնկրետ գործողություններ կպահանջի բոլոր կողմերից: Մակրոնը նշել է, որ Սարգսյանի ու Ալիեւի՝ նախորդ աշնանը Ժնեւում տեղի ունեցած հանդիպումը քաջաերող է, եւ որ դրան պետք է հետեւեն կոնկրետ գործողություններ:

«Մենք լավ գիտակցում ենք, որ գործընթացը դեռեւս փխրուն է, իսկ տեղում իրավիճակն անկայուն է, ուստի բացարձակ անհրաժեշտություն է, որ այս երկխոսության վերսկսումը տանի կոնկրետ առաջընթացի: Մենք հետեւում ենք այս իրավիճակին եւ մեր ռուս ու ամերիկացի գործընկերների հետ դիտարկում ենք կարգավորման գործընթացն առաջ մղելու բոլոր հնարավորությունները», - թեման ամփոփել է Մակրոնը: