22.09.2012 01:55

Անկախության հանրաքվեի մասին խոսում են միջազգային դիտորդները

Անկախության հանրաքվեի մասին խոսում են միջազգային դիտորդները

Ռիչարդ Լեյման (դիտորդ, ԱՄՆ, կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ)

Անմիջապես հայտնեմ իմ հաճելի զարմանքը. Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեմոկրատիայի հասանք երկար ճանապարհ անցնելով, ավելի քան 200 տարի: Դուք այդ ճանապարհն անցաք շատ արագ:

Մի քանի ժամվա ընթացքում բնակիչների մեծ մասը փաստորեն արդեն քվեարկել է, ընդ որում՝ օրենքից ոչ մի շեղում չնկատեցի: Պարզ է, աշխարհը պետք է ընդունի քվեարկության օրինականությունը:

Այսօր սփյուռքում հարյուր հազարավոր հայեր հեռուստացույցների առջև հետևում են Հայաստանին և սպասում բարի լուրերի. ի վերջո ազգի ճակատագիրն է վճռվում:

Վերադարձից հետո կզեկուցեմ Բուշին ամբողջ ճշմարտությունը և կխնդրեմ, որ նա զանգահարի Կոլին՝ Հայաստանի անկախությունն ընդունելու առաջարկով:

Ուրախ ենք ձեզ համար և հույս ունենք, որ ապագայում մեկ այլ երկրում նման բարի առիթով կհանդիպենք...այդ անգամ՝ որպես հավասար դիտորդներ:

 

Վահագն Կիկիշչյան (դիտորդ, Լիբանան, Բեյրութ, ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչ)

-Օ՜, այն, ինչ տեսա, ինձի խիստ շոյեց. բոլորն ալ կուզեին քվեարկել առանց խցիկներուն մեջ մտնելու: Երիտասարդներուն խիստ խանդավառ տեսա, տարեցները քիչ մը տատամսոտ էին: Շատ տեղերում արդեն ժամը 12-ին ընտրողներու 80-90 տոկոսը քվեարկած էին:

Ազատության ձգտող ազգը, անտարակույս, ԱՅՈ՛ պիտի ըսե: Հայն ալ կըսե: Ամեն օրինականություն կպահպանվի, աշխարն ատ կճանչնա: Ես և տիկինս՝ Ծովինարը, անշուշտ, երկար պիտի հիշենք և ուրախ ենք, որ աս պատմական ակնթարթուն հոս եկած ենք: Հետո պիտի գործի անցնենք, ձեռք ձեռքի տանք: Անկախությունը մեզի վստահություն կուտա, գործարար մարդիկը առանց վախի հոս կուգան, իրենց կապիտալ կբերեն, գործ մը կձեռնարկեն: Ես ֆաբրիկ մը ունիմ, ինչով կրնամ՝ կօգնիմ: Բեյրութ էլ շատ մարդիկ կգտնվին, որ կփափագին հայրենիքին օգնիլ: Ամենեն հրատապ խնդիրը տնտեսապես ոտքի ելնելն է: Հայը ոտքի կելնե:

 

Հայկազ Գրիգորյան (Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու-Ջերսի բժշկական համալսարանի պրոֆեսոր, ՀՕՄ-ի ներկայացուցիչ)

Երկու շաբաթ լինելու եմ աղետի գոտում՝ Սպիտակում և Կումայրիում. օժանդակելու եմ Հայ օգնության միության միջոցներով կառուցվող հոգեբանական վերականգնման կենտրոնների մասնագետներին:

Հայրենիք գալս համընկավ անկախության հանրաքվեին, և ես ապրում եմ այս պատմական իրադարձությանը ներկա լինելու երջանկությունը:

Հանրաքվեն Հայաստանում անց է կացվում միջազգային բոլոր օրենքներին համապատասխան, և երջանկություն է, որ պատասխանը միանշանակ եղավ՝ ԱՅՈ:

Կցանկանայի հայ ազգին ավելի շատ միասնություն և հանդուրժողականություն միմյանց նկատմամբ: Միակ երազանքս է, որ սփյուռքահայրեը պետականորեն ընդունվեն որպես Հայաստանի քաղաքացիներ:

 

Կարլ Միշաել Վիտտ (դիտորդ, մարդու իրավուքների պաշտպանության «Շիլլեր» ինստիտուտ, Գերմանիա)

Կասկածի նշույլ անգամ չունեի, որ հայ ժողովուրդն այսօր միաձայն «ԱՅՈ» կասի անկախությանը, բայց այն, ինչի ականատես եղա այստեղ, գերազանցեց սպասելիքներս: Խանդավառությամբ համակված էին բոլորը՝ անկախ ազգությունից, տարիքից, սեռից, կուսակցականությունից: Ու ոչ ոք չէր թաքցնում իր մտադրությունը: Շատերը քվեարակում էին բացեիբաց:

Այս պատմական քայլը Հայաստանին հնարավորություն կտա եվրոպական շատ երկրների նման, հավասար իրավունքներով, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային կապեր հաստատելու աշխարհի զարգացած բազմաթիվ երկրների հետ: Համոզված եմ, որ առաջինների թվում հայ ժողովրդին համագործակցության ձեռք կմեկնի իմ երկիրը:

Մենք դեռ առիթ կունենանք ուրախանալու անկախ Հայաստանի հաջողություններով:

 

Ռեյներ Վինթինգ (Անգլիայի հանգանակած միջոցներով Կիրովականում մանկական հիվանդանոցի կառուցման պատասխանատու, «Ավստրո» ֆիրմայի ներկայացուցիչ)

-Ճիշտ է, ես քաղաքագետ չեմ, բայց հասկանում եմ հայերիդ անկախության ձգտումը: Չկա մի ժողովուրդ, որ ազատ ապրել, ստեղծագործել չուզի: Սկզբում տնտեսապես շատ կնեղվեք, սակայն ոտքի կկանգնեք: Իմ հայրենիքն էլ՝ Ավստրիան, այդ ճանապարհով է անցել և հզոր երկրներից մեկն է դարձել:

Աննո Հելլենբրույխ (Գերմանիայում մարդու իրավունքերի պաշտպանության «Շիլլեր» ինստիտուտի դասախոս, «Ժեիր» ամսագրի դասախոս)

Այս տարվա հունիսին մի քանի օրով եղել եմ Հայաստանում: Ուրախ եմ, որ այժմյան այցելությամբ առիթ է ընձեռվել ինձ ներկայանալու իբրև հանրաքվեի միջազգային դիտորդ, վերստին հանդիպելու անկախության ուղին հաստատապես ընտրած ժողովրդի հետ, որը հայտնի է աշխարհին հազարամյա իր պատմությամբ, մշակույթով:

Մինչև Հայաստան գալս վստահ էի, որ հանրաքվեն անց է կացվելու սահմանադրական ճիշտ, հստակված ծրագրով, քվեարկելու եք անկախության օգտին: Բայց, խոստովանում եմ, չէի սպասում, որ ականատեսը կլինեմ ժողովրդական նմանօրինակ խանդավառության ու համերաշխության դրսևորմանը:

Արդարև, իքնս էլ համակված եմ ձեր ուրախությամբ: Վստահ եմ, որ ազատություն ձեռք բերելուց հետո Հայաստանը պիտի բարգավաճի և իբրև անկախ պետություն ճանաչվի աշխարհում: