26.01.2018 00:59

Օսկարին ընդառաջ. ԱՆՍԵՐՈՒԹՅՈՒՆ. (НЕЛЮБОВЬ)

Օսկարին ընդառաջ. ԱՆՍԵՐՈՒԹՅՈՒՆ. (НЕЛЮБОВЬ)

iLur.am-ը ներկայացնում է «Օսկարին ընդառաջ» խորագրի հերթական նյութը: Հոդվածաշարում նկարագրում ենք այն ֆիլմերը, որոնք, կմասնակցեն ամերիկյան կինոակադեմիայի տարեկան մրցանակաբաշխությանը, կամ արդեն մասնակցել են ընթացիկ կինոտարվա հեղինակավոր այլ իրադարձությունների, կամ, հեղինակի համոզմամբ, արժանի էին ուշադրության, բայց ինչ-ինչ պատճառներով չեն հայտնվել «Օսկարի» շորթ-լիստում:  Խորագրի նախորդ նյութերը՝ այստեղ այստեղ եւ այստեղ



Ռեժիսոր՝

Անդրեյ Զվյագինցև

Դերերում՝

Ալեքսեյ Ռոզին,

Մարյանա Սպիվակ


Մի ընտանիքի (հասարակության) ախտաբանություն

Ենթատեքստում՝ խզված մեղեդի ու բեկբեկվող հնչյուններ, որ մերթընդմերթ ներկայությամբ տոնայնություն են տալիս՝ հոսելով ողջ համայնապատկերում, ու անորսալի ռիթմին համահունչ՝ Զվյագինցևն անողոքաբար շարադրում է անտարբերության ու ատելության այս ծագումնաբանությունը:

       Ֆիլմը դեռ Կաննից կիզակետում է՝ հակադիր կարծիքներ, զգացմունքի բևեռներ, հիվանդ հասարակության հետազոտություն:

            Ֆիլմի մասին ասվել է շատ ու գրվել է շատ՝ հյուծվելու աստիճան ու ներքին երիզներին ուշադիր, ինչպես հոգնած հարաբերություններ են սպառվում ասելիքի ու անելիքի առատությունից-բացակայությունից. երբ անսերությունը բնականոն արգելակներ է դնում տևող օտարման վիրաբուժությանը:

Ու մոլորություն է ռեժիսորին վերագրել այն, ինչ ներսում է՝ ընկալման անհարմար դիրքավորումը. ժամանակի մեջ՝ չլցվող, չհաղթահարվող մանկություն, փակ աչքերի, փակ շուրթերի, փակ ականջների հետնախորշերում՝ զուսպ ինքնախոստովանություն. ստանում ենք այն, ինչ ուզում էինք, բայց ոչ այն, ինչ ակնկալում ենք:

- Մորը.-Ես կուզեի, որ հիշես ինձ ու քո սխալները, կորուստ եմ ուզում, որ ընդունես այն, որպես հատուցում, որպես առկախված հոգատարություն, հեռակա վրեժ:

- Հորը.-Ես կուզեի, որ արթուն լինեիր, քո վերադարձն եմ ուզում՝ ներկայության ու լինելիության ու շարունակության համար:

- Զղջումի ու տառապանքի ներհյուսվող ծալքերում չկան մաքրող բառերը, ուշացած կանչերը, մոտեցող ոտնաձայնի սպասումը:

…Ի՜նչ դժվար է սիրել ֆիլմը, դժվար է սիրելն ինքնին, ինչպես և խոստովանել սխալները՝ ինքնին՝ դեմ-հանդիման, ու պահել խոստումը՝ երբե՛ք ցավ չպատճառել նրանց, ում ընտելացել ենք:

Մանկության, սիրո, ընտանիքի խաչմերուկներում ամայությունն է՝ ներսը և դուրսը: Ու կաթնագույն այդ տարածության մեջ մոռացված կարմիր ժամավեն է՝ ճյուղերին կառչած, ձմռան խոնավ ողբերգություն մեջ՝ տեղապտույտը, կրկին դու, անշնչացող օրը:

 

Ամփոփ

 

Ժանրը՝ «Բլուրները՝ ինչպես սպիտակ փղեր»

Ֆորմատը՝ ավանդական ընտանեկան արժեքներ

Դեղատոմսը՝ մի գդալ սերն է պակասել

Սերը՝ ըստ Պողոս առաքյալի

Կադրում՝ նրանք

Վայրը՝ մենք

Ու՞մ համար՝  ռուսաֆիլների ու ռուսաֆոբների

Հեռանկարում՝ Տունը, ուր ապրում ենք մենք  

Imdb նիշը՝ 7.9

Իմ հոտառությամբ՝ 8.5

Անվանակարգը՝ Լավագույն օտարալեզու (ոչ անգլերեն) ֆիլմ

Հավանականությունը՝ բարձր



Լեւոն Գայլ Ավետիսյան