Էրդողանը խոստացել է մինչև վերջին ահաբեկչին վերացնելը շարունակել գործողությունն Աֆրինում

Սիրիայում Թուրքիայի ԶՈՒ գործողությունը կշարունակվի «մինչև վերջին ահաբեկչին վերացնելը»: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջոփ Թայիփ Էրդողանը Անկարայում ելույթի ժամանակ, որն ուղիղ եթերով հեռարձակել է Haberturk հեռուստաալիքը:
Թուրքիայի առաջնորդը նաև հավելել է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Աֆրինում, որտեղ այժմ տեղի է ունենում թուրքական զինված ուժերի «Ձիթենու ճյուղ» գործողությունը, «ոչ մի մանկան և ոչ մի կնոջ արյուն չի հեղվել, և դա երբեք չի լինի: Այդպիսին են թուրքական բանակի ռազմական գործողություն վարելու կանոնները»:
Թուրքիայի գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է Աֆրինում «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» և «Դեմոկրատական միություն» կուսակցության դեմ «Ձիթենու ճյուղ» անունը կրող ռազմական գործողության մեկնարկը: Աֆրինում ապրում են մոտավորապես 1,5 մլն քրդեր և փախստականներ Սիրիայի այլ շրջաններից:
Փոխանցում է tass.ru-ն: