27.01.2018 14:38

Այսօր ծնվել է Լուիս Քերոլը՝ երկակի կյանքով ապրող հեքիաթասացը

Այսօր ծնվել է Լուիս Քերոլը՝ երկակի կյանքով ապրող հեքիաթասացը

«- Բարի եղեք, ասացեք, ո՞րն է անտառից դուրս գալու ճանապարհը։

- Նայած թե՝ ու՛ր ես ուզում գնալ։
- Ինձ համար միեւնույն է,— ասաց Ալիսը։
- Ուրեմն կարեւոր չէ՞, թե ուր կգնաս։
- Կարեւորն ինչ-որ տեղ հասնելն է»։

Սիրելի Ալիսն է՝ հայելու աշխարհում։ Ըստ ժամանակակիցների՝ չորսամյա Ալիսը հարցախեղդ էր անում մեծերին, ու հարցերն էլ մեկը մեկից հետաքրքիր էին եւ տարօրինակ։ Դե, Չարլզ Լութվիջ Դոջսոնն էլ, որը մեզ քաջածանոթ Լուիս Քերոլն է, շատ էր սիրում Ալիսին եւ առհասարակ երեխաներին։ Բայց այս մեր Լուիսն էլ պակաս տարօրինակ չէր։ Սիրում էր միմիայն աղջնակներին, մանչուկների հետ աչքով աչք չուներ։ Եվ աղջնակներին էլ սիրում էր ո՛չ միայն այն պատճառով, որ հետաքրքիր ու տարօրինակ հարցեր էին տալիս։ Սիրում էր, որովհետեւ փոքրիկ աղջնակները շատ գեղեցիկ էին։ Հատկապես եւ մասնավորապես՝ մորեմերկ։ Իսկ Լուիսը հոբբի ուներ, հոբբին էլ լուսանկարչությունն էր։ Ու այս մեր Լուիսը ոչ միայն հիանում էր փոքրիկ աղջիկների մերկությամբ, ոչ միայն նրանց հեքիաթներ էր պատմում, նաեւ լուսանկարում էր։ Մերկ, կիսամերկ։ Ժամանակակիցները երդում-կրակ են ուտում, որ մերկ ու կիսամերկ էր լուսանկարում, բայց, անշուշտ, ծնողների համաձայնությամբ։ Ենթադրենք՝ հավատացինք, հնարավոր է նաեւ, որ ճիշտ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ տարիներին հոգեբույժ Ռիխարդ ֆոն Կրաֆտ-էդինգի (ասում են՝ հենց ինքն է առաջին անգամ օգտագործել «պեդոֆիլիա» տերմինը) եւ Զիգմունդ Ֆրեյդի տեսությունները դեռ սարերի հետեւն էին, եւ անգլիացի սիրասուն մայրիկները չէին պատկերացնում, որ հնարավոր է երեխաներին «ուրիշ աչքով նայել»։ Պատկերացնում էին, թե չէին պատկերացնում, փաստ է, որ մի օր էլ Ալիսի ծնողներն արգելում են հռչակավոր հեքիաթասացին՝ իրենց աղջիկներին զբոսանքի տանել, լուսանկարել եւ առհասարակ հետները շփվել։ Երեւի մոտավորապես այսպես՝ էս կողմերում էլ չերեւաս, թե չէ... 

Անգլիացի գրող, մաթեմատիկոս, սարկավագ, փիլիսոփա և լուսանկարիչ Լուիս Քերոլը ծնվել է (1832-1898) Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Միացյալ Թագավորության Չեշիր կոմսության Դարսբերի գյուղակում։ Քահանայի ընտանիքի ավագն էր, իրենից հետո ծնվել են եւս երեք եղբայր եւ յոթ քույր։ Բոլորն էլ նախնական կրթություն են ստացել տանը։ Հետո Չարլզ-Լուիսը Ռիչմոնդի դպրոցում է սովորում, նրա աստվածաբանական եւ մաթեմատիկական ընդունակությունները նկատելով, ուղարկում են ուսումը շարունակելու, եւ 18 տարեկանում արդեն մաթեմատիկա էր դասավանդում Օքսֆորդի համալսարանին կից քոլեջում, որի տնօրենն Ալիսի եւ նրա քույրիկների հայրն էր։

Մինչ իրենց տան դուռը Լուիսի քթի առաջ շրխկացնելը՝ երիտասարդ մաթեմատիկոսը (ըստ նրա ուսանողների՝ անասելի տաղտկալի ու մռայլադեմ դասախոս էր) արդեն հասցրել էր գրել «Ալիսի արկածները ստորգետնյա աշխարհում» հեքիաթը եւ ձեռագիր օրինակն էլ մակագրությամբ նվիրել Ալիսին (ըստ երեխաների՝ զվարճախոս եւ ժպտերեսիկ շատ սիրելի հեքիաթասաց էր)։ Այս ձեռագիր օրինակն է երկար տարիներ անց փրկում Ալիսին դժվարին կացությունից։ Չարաճճի եւ հեքիաթի սիրելի հերոս դարձած աղջնակի իրական կյանքը հեքիաթայինից յոթ սարուձոր հեռու էր։ 28-ամյա Ալիսն ամուսնանում է, երեք որդու մայր է դառնում, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մահանում են երկու որդիները, իսկ ամուսնու մահից հետո ստիպված է լինում 1928-ին 15400 ֆունթ սթերլինգով վաճառել Քերոլի մակագրությամբ ձեռագիրը՝ պարտքերը փակելու համար։ Ապրել է 82 տարի, մահացել է գրողի մահից 36 տարի անց։

Իսկ ահա Լուիս Քերոլը երդվյալ ամուրի էր, եւ թե նա ով էր իրականում, բոլորից լավ ինքը գիտեր, բայց մեր առջեւ սիրտը բացելու մտադրություն չուներ, որովհետեւ կտակի մեջ խնդրել էր, որ ոչնչացնեն իր օրագրերի մեծ մասը, իսկ տարիներ անց ինքն իր ձեռքով է այրել գրեթե բոլոր լուսանկարները։ Այդ լուսանկարներում միայն Ալիսն ու իր քույրիկները չէին, 1838-1860 տարիների ընթացքում հասցրել էր լուսանկարել տասնյակ փոքրիկ աղջիկների։

Դե, սիրտը փակ էր պահում բոլորի առաջ, դրա համար էլ ում մտքով ինչ ասես անցել է ու անցնում է։

Նրա անունը կար նույնիսկ սերիական մարդասպան Փորոտիք Թափող Ջեք-կասկածյալների ցուցակում։

Բայց արժե՞ կրկնել, որ նրա կենսագրության մութ կետերը չեն խամրեցնում հռչակավոր Լուիս Քերոլի առավել հռչակավոր հեքիաթներն ընթերցելու հաճույքը։

Լիզա Ճաղարյան