30.01.2018 21:11

Էրդողանը Մեծ Եղեռնի մասին գրառում արած գործչին դատի է տվել

Էրդողանը Մեծ Եղեռնի մասին գրառում արած գործչին դատի է տվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր քեմալիստական «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի տարածքային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջօղլուին՝ պահանջելով 700 հազար լիրայի (184.500 դոլար) փոխհատուցում, տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական «NTV.com» լրատվական կայքի՝ Ստամբուլի հանրապետական դատախազությունն Էրդողանի հայցի հիման վրա Քաֆթանջօղլուի վերաբերյալ Թուրքիայի հանրապետության պետական կառույցները նսեմացնելու և նախագահ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով հետաքննություն է սկսել:

Էրդողանը 14 առանձին հայց է նարկայացրել դատախազություն՝ պահանջելով Քաֆթանջըօղլուի՝ տարբեր ժամանակներում իր հասցեին արած կոպիտ քննադատական 14 tweet-գրառումների համար 50 հազարական լիրայի փոխհատուցում:

ԺՀԿ-ական գործչի նկատմամբ ևս մեկ դատական գործընթաց էլ սկսել է Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը՝ պահանջելով 100 հազար լիրայի (26000 դոլար) փոխհատուցում:

Թուրքիայի նախագահը Քաֆթանջըօղլուի՝ «Twiter»-ում առած գրառումներից առանձնացրել է  հատկապես Հայոց ցեղասպանության մասին գրառումը:

«Ո՞ւմ ձեռքերում է մնացել Գազի Մուստաֆա Քեմալի կուսակցությունը» հռետորական հարցն ուղղելով՝ Էրդողանը շարունակել է. «Նա (Քաֆթանջըօղլուն-խմբ.), Հայոց ցեղասպանություն արտահայտությունը կիրառելով, նսեմացնում է մեր ազգն ու պատմությունը: Պետության էլ սերիական մարդասպան է անվանում: Ահաբեկչության ժամանակ մահացածների մեղքն էլ է պետության վրա դնում»:

Քաֆթանջըօղլուն Հայոց ցեղասպանության մասին գրառումը կատարել էր 2012թ. ապրիլի 24-ին: Նա «Twiter»-ում գրել էր. «Այսօր Հայոց ցեղասպանության օրն է: Մենք այսօր Թաքսիմում ոգեկոչում ենք կոտորված մեր հայ քաղաքացիների հիշատակը»: