31.01.2018 20:54

Զախարովա. ԼՂ-ում հավելյալ դիտորդների հարցում մնացել են տեխնիկական մանրամասներ

Զախարովա. ԼՂ-ում հավելյալ դիտորդների հարցում մնացել են տեխնիկական մանրամասներ

Ռուսաստանը միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների հետ ակտիվորեն հանդես է գալիս ԼՂ շփման գծում լարվածության թուլացման օգտին և ջանքեր է գործադրում ՝ ուղղված հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

«ԵԱՀԿ շրջանակում պատրաստվել էին մի քանի տեսակ փաստաթղթեր, որոնք կարգավորում էին հավելյալ դիտորների գործունեությունը: Հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ համանախագահների կողմից կազմակերպված երկու երկրի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ներկայացվել էին թարմացված առաջարկներ: Նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների կողմից պատրաստված փաստաթղթի առնչությամբ: Մնացել են մի շարք տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն մինչ գործի կդրվի ընդլայնման մեխանիզմը»,- ասել է  Զախարովան:

Նա նշել է, որ միայն քաղաքական կամքի դրսևորման միջոցով կողմերը կարող են հանգել փոխզիջումային որոշումների, որոնք վերջ կտան իսկապես ձգձգված հակամարտությանը: