03.02.2018 00:15

Շարժում-30. Կոնգրեսում ներկայացվեցին Արցախյան շարժման արխիվային նյութեր (ֆոտո, վիդեո)

Շարժում-30. Կոնգրեսում ներկայացվեցին Արցախյան շարժման արխիվային նյութեր (ֆոտո, վիդեո)

Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի բազմամարդ դահլիճում կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն այսօր  ներկայացրեց արխիվային նյութեր՝ լուսանկարներ, թերթերից քաղվածքներ, պլակատներ՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին: 

«Շարժումը ոչ սկիզբ ունի, ոչ էլ վերջ», - ասաց Մանուկյանը եւ հիշեցրեց, որ գալիք  յուրաքանչյուր ուրբաթ երեկոյան Կանանց համահայկական միության հետ համատեղ նախաձեռնությամբ տեղի կունենան Շարժման պատմությանը նվիրված սեմինար-քննարկումներ Կոնգրեսի գրասենյակում:  Կոնգրեսի փոխնախագահը ցավով նշեց, որ գործող իշխանությունները պատշաճ կերպով չեն անդրադառնում վերելքի ու հաղթանակի այդ տարիներին:

Արամ Մանուկյանը պատմեց շարժման հետ կապված մանրամասներ, հիշեց, որ ցույցերին, գործադուլներին մասնակցում էին հասարակության բոլոր շերտերը տարբեր շրջաններից:

Երկրում չկար մի մտավորական՝ գիտնական, արվեստագետ կամ մանկավարժ, որ շարժման մեջ չլիներ. «Հրանտ Մաթեւոսյան, Տիգրան Մանսուրյան, Օհան Դուրյան, Հակոբ Հակոբյան, Վիկտոր Համբարձումյան, Սերգեյ Համբարձումյան, Սիլվա Կապուտիկյան, Վարդգես Պետրոսյան, Սարգիս Մուրադյան, Մարո Մարգարյան, Հենրիկ Իգիթյան, Սոս Սարգսյան, Սերո Խանզադյան, Գեւորգ Էմին», - ըստ Մանուկյանի ահա մտավորականների ոչ ամբողջական ցուցակը, որոնք կանգնած էին Շարժման կողքին: 

Պայքարին ինչ-որ պահի իրենց համերաշխությունը հայտնեցին Մերձբալթիկայի, Ուկրաինայի, Վրաստանի դեմոկրատները՝ տալով դրան միջազգային բնույթ:

Ցուցադրվեց, թե ինչպիսի կրեատիվ պլակատներ էին տարածվում հրապարակում եւ երթերի ժամանակ:

«Ուժեղ կենտրոն, ուժեղ հանրապետություններ»: Ակնարկվում են ԽՍՀՄ Սահմանադրությամբ իրավահավասար հռչակված հանրապետությունների փաստացի հարաբերությունները:

«Ոչ ինտերնետ կար, ոչ Յութուբ կար, բայց մեկ օրվա, ժամերի ընթացքում այս ամենը տարածվում էր, բազմացվում էր ամբողջ հանրապետության տարածքում: Մեր շարժման ամենակարեւոր առանձնահատկությունը համաժողովրդական լինելն էր», - նշեց քաղաքական գործիչը: Պլակատները, ինչպես նաեւ հազվագյուտ ու հայտնի լուսանկարներ կցուցադրվեն փետրվարի 20-ին Ազատության հրապարակում:

Ազատության հրապարակում «Պրավդա» թերթի գլխագրերով ստացել են Ложь («Կեղծիք») բառը: Այդ օրերին սովետական կենտրոնական պարբերականները աղավաղում էին Շարժման բնույթը՝ այն ներկայացնելով որպես «մարգինալ, ազգայնական խմբի արկածախնդրություն»:


Մամուլը մամլիչի տակ է («Пресса под прессой»)

Ուշագրավ է, որ չկա գեթ մի նկար, որի վրա  ողջ կազմով պատկերված կլինեին «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամները: Ուշագրավ է նաեւ, որ, թեեւ շարժման մղող ուժը կայսրության դեմ պայքարն էր ու հարեւան Ադրբեջանից Ղարաբաղը հետ բերելու արդար պահանջը, բայց ողջ ընթացքում Ռուսաստանի կամ Ադրբեջանի հասցեին որեւէ ատելության խոսք չի հնչել, դրոշ չի վառվել: Ցույցերն ընթանում էին “Ленин, партия, Горбачев”, (Լենին, կուսակցություն, Գորբաչով), “Слава КПСС” (Փառք ՍՄԿԿ-ին) եւ նման այլ «խորհրդային» կարգախոսների ուղեկցությամբ:

Ցույցերն ուղեկցվում էին նաեւ մարդկանց զարմանալի կարգապահությամբ: Թվում էր, թե միլիոնանոց հանրահավաքը գտածո է քաղաքի գողերի համար, բայց այդ օրերին հանցավորության աճ չի նկատվել:

Արամ Մանուկյանը հատուկ շեշտեց՝ Ղարաբաղյան շարժման բոլոր մասնակիցներըը, բոլոր առաջնորդները, նույնիսկ նրանք, որոնք այս կամ այն հանգամանքի բերումով հեռացել են ընդհանուր երամից ու ժողովրդի կողմից բացասական ընկալում ստացել, միեւնույն է՝ անուրանալի ավանդ ունեն Շարժման ծավալման գործում:  

Երեկոյի ընթացքում ցուցադրվեց 1997-ին Արամ Մանուկյանի ստեղծած տեսաֆիլմը՝ նվիրված Ղարաբաղյան շարժման տասնամյակին:

Հենց այդպես՝ «Տասնամյակ» անունը կրող ֆիլմում հազվագյուտ կադրեր են 88-ի շարժումից, Հրապարակի ցույցերից ու երթերից սկսած, մինչեւ Սպիտակի երկրաշարժ, անկախության հանրաքվե, հաղթական պատերազմ, ցուրտ ձմեռներ, տնտեսական աշխուժության վերականգնում: Արամ Մանուկյանը պատմեց, որ ֆիլմն արդեն պատրաստ էր, երբ նախագահ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց (ի դեպ, ուղիղ 20 տարի առաջ այս օրը), եւ որոշվեց ֆիլմում ավելացնել նաեւ հրաժարականի դրվագը: Իսկ նախագահի հրաժարականից ու փաստացի պետական հեղաշրջումից հետո երկրի բոլոր հեռուստաընկերությունները հրաժարվեցին ցուցադրել ֆիլմը: Ըստ Մանուկյանի, ինչպես հետո պարզվեց, պատճառը նախագահի հրաժարականի կադրերին հետեւած տեսարանն էր, որտեղ դիրիժոր Արամ Կարաբեկյանը չափ է տալիս Արցախի «Մենք ենք, մեր սարերը» հանրահայտ հուշարձանի ֆոնին: Անկախ Հայաստանի գրաքննիչները դրանում ակնարկ էին տեսել՝ ուղղված 98-ին իշխանության եկած մարդկանց:

Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի հայտնի պարը կատարում են սապոգավոր կարապները: Շարժումը ճնշելու նպատակով սովետական բանակը մտավ Ազատության հրապարակ:

Ազատության հրապարակում ազատ խոսքը բանտարկված է:

Բառախաղ. «Աջից՝ պետական հարված - Իրավական պետություն»

Արցախի հարցը խաղալիք է դարձել մեծ քաղաքականության դերակատարների ձեռքին:

SOS Гласность, Փրկեք «Գլաստոստ»-ը (Հրապարակայնությունը)

Խամաճիկ մամուլ

Հակոբ Կարապետյան