03.02.2018 18:06

Օսկարին ընդառաջ. ՋՐԻ ԿԵՐՊԸ (THE SHAPE OF WATER)

Օսկարին ընդառաջ. ՋՐԻ ԿԵՐՊԸ (THE SHAPE OF WATER)

iLur.am-ը ներկայացնում է «Օսկարին ընդառաջ» խորագրի հերթական նյութը: Հոդվածաշարում նկարագրում ենք այն ֆիլմերը, որոնք, կմասնակցեն ամերիկյան կինոակադեմիայի տարեկան մրցանակաբաշխությանը, կամ արդեն մասնակցել են ընթացիկ կինոտարվա հեղինակավոր այլ իրադարձությունների, կամ, հեղինակի համոզմամբ, արժանի էին ուշադրության, բայց ինչ-ինչ պատճառներով չեն հայտնվել «Օսկարի» շորթ-լիստում:  Խորագրի նախորդ նյութերը՝ այստեղ,  այստեղ,այստեղ եւ այստեղ


Ռեժիսոր՝ Գիլյերմո դել Տորո

Դերերում՝

Սալի Հոուքինս

Մայքլ Շենոն

Օքտավիա Սփենսեր


Ձոն տարաշխարհիկներին

Ինչպես միշտ՝ ջուրը հոսում է աշխարհաքաղաքական խարդավանքների, կենցաղի ու երազանքների միջով, ու քվիր-նկարիչը հավերժական այդ հորձանուտում երբեմն ընդհատում է մենության նախապատմությունը, այս անգամ՝ ընդերքից վերհանելով գեղեցկուհու(՞) ու հրեշի (՞) մասին ասքը:

Իսկ դուալիստական վտակներում՝

-Ուրբաթի ու Ռոբինզոնի փոխհասկացվածությունը,

-Արևմուտքի (դաժան) ու ռուսների (անգլերեն առոգանությամբ))) հավերժ պայքարը,

-Անհատի ու իշխանության խոցելիությունը,

-Երջանկության ու խիզախության քայլերը:

Վենետիկի փառատոնի մրցանակակիրը միահյուսում է քաղաքական հեքիաթը (հեղինակի բնորոշում) և արկածային մելոդրաման (կիզակետում). հանրային օրակարգում են քաղաքական ուղերձները ու անձնական ապրումները:

Ու խունացող գունաշարում հերթագայում են օտարության, ճանաչումի, ընտելացման ու պաշտպանության ալիքները, որ խիզախության ու հուսահատության փուլերում վերածվում են երկկենցաղ սիրո հաղթանակի:

Երազների ու իրականության ստորջյա աշխարհի հերոսները հաղթելու են. Արտասովորների պաշտպան-ռեժիսորը յուրաքանչյուրին տալիս է աջակցության իր ակնկալիքը. բոլոր-բոլոր զրկվածները, խոցելիները, ոչ լիարժեքները, ոչ մեկները՝ համր-հավաքարար-որբուկ Էլայզան, թմբլիկ սևամորթ հավաքարարուհին, մենակյաց գեյը, գերեվարված Օտարը, նույնիսկ բարի աչքերով մեքենաներն ու հաստլիկը՝ տորթով ու փուչիկներով:

Ստորջրյա աշխարհի էակները (հիանալի դերասանական կազմ) պատումը լցնում են ներքին հագեցվածությամբ՝ զգայուն ցավի և ուշադրության հանդեպ, դիպչում ներքին շոշափուկներով՝ ամոքում են վնասված հոգու սպիները, ընդգծում Տարբերվող Ես-ի անհրաժեշտ լինելիությունը:

Ու մինչև երկնքից ընկնի երեք կաթիլ, կհասցնես արարել պոեզիան.

-Համր ես այնժամ, երբ չես սիրում:

 

Ժանրը՝ Սերը 20.000 լյո ջրի տակ

Ժամանակը՝ Ժուկով

Ֆորմատը՝ Երկկենցաղ մարդը

Imdb գնահատականը՝ 7.9

Իմ հոտառությամբ՝ 7.5

Ու՞մ համար՝ արքայազնին սպասողների

Էլ ու՞մ համար՝  ԱԱԾ հետախուզական, կենտ/անձրևային օրերին՝ նաև հակահետախուզական վարչությունների աշխատակիցների

 

Լեւոն Գայլ Ավետիսյան