05.02.2018 13:38

ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է «Մեդիալաբ»-ի դեմ ուղղված սպառնալիքները

ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է «Մեդիալաբ»-ի դեմ ուղղված սպառնալիքները

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դատապարտել է «Մեդիալաբ» կայքի գլխավոր խմբագրին ուղղված սպառանալիքները:

«Լրատվամիջոցների դեմ հարձակումները, օրինակ՝ վերջերս «Մեդիալաբի» տնօրենին ուղղված սպառնալիքներն ատելության դրսևորումներ են ժողովրդավարության համար կենսական մամուլի ազատության դեմ»,- ասված է դեսպանատան թվիթերյան էջում արված գրառման մեջ:

«Medialab.am» կայքի խմբագրությունը օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի օգտատիրոջից լուրջ սպառնալիք էր ստացել։ Դրա առիթը լրատվամիջոցում օրեր առաջ հրապարակած ծաղրանկարն էր՝ Պաշտպանության նախարարության կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ Ընդ որում՝ սպառնացողն ակնարկել էր, որ «Medialab.am»-ը կարող է արժանանալ 2015 թվականի հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին։ 

Սպառնալիքներից հետո մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարություն էին տարածել, որով պահանջում էին քրեական գործ հարուցել կայքի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու կապակցությամբ: