05.02.2018 14:15

Իրանցի գիտնականը վերջնականապես դատապարտվել է մահապատժի

Իրանցի գիտնականը վերջնականապես դատապարտվել է մահապատժի

Իրանի գերագույն դատարանը հաստատել է շվեդական քաղաքացիություն ունեցող իրանցու՝ Բրյուսելում ֆլամանդական Ազատ համալսարանի դասախոս Ահմադրեզա Ջալալիի մահվան դատավճիռը, հաղորդել է VTM Nieuws կայքը:

Ծնունդով իրանցի Ջալալին ընտանիքի հետ ապրում էր Շվեդիայում, նա դասավանդել է նաև Իտալիայում և Բելգիայում: Նրան ձերբակալել են 2016 թ., Իրանում գտնվելիս, և մեղադրել իսրայելական Մոսսադ հատուկ ծառայության համար լրտեսություն իրականացնելու մեջ: Թեհրանի տվյալներով՝ Ջալալին կապ ունի Իրանի միջուկային ծրագրի կառույցներում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող երկու անձանց սպանության հետ. նրանց ավտոմեքնաները պայթեցվել են:

Ջալալին մահվան է դատապարտվել 2017 թ. հոկտեմբերի 21-ին կայացած դատավարության ժամանակ, որը ՄԱԿ-ը ոչ օրինակարգ է ճանաչել և անցյալ տարվա դեկտեմբերին Իրանին կոչ է արել չեղյալ հայտարարել այդ դատավճիռը և ազատ արձակել գիտնականին: Այնուհանդերձ, չնայած միջազգային բողոքին, այդ թվում՝ նաև Բելգիայում, գերագույն դատարանը հաստատել էր դատավճիռը, բայց կասեցրել էր դրա կատարումը, քանի որ Ջալալին բողոքարկել էր այն: Այժմ մերժվել է այդ բողոքարկումը, և գերագույն դատարանի որոշումը կարելի է վերջնական համարել: Դատավճիռը կարող է ի կատար ածվել ցանկացած պահի:

Փոխանցում է Interfax-ը: