05.02.2018 16:31

Guardian-ի լրագրողը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում բացահայտել է մասոնական երկու օթյակ

Guardian-ի լրագրողը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում բացահայտել է մասոնական երկու օթյակ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում երկու գաղտնի մասոնական օթյակ է գործում, որոնց մեջ ընդգրկված են քաղաքական գործիչներ և լրագրողներ, հաղորդել է The Guardian-ը:

Այդ մասին թերթի լրագրող Իեն Քոբեյնը տեղեկացել է այդ օթյակներից մեկի ներկայացուցչից: Առաջին օթյակը կոչվում է New Welcome («Նոր ողջույն»), նրա կազմում կա 30-40 մարդ՝ բացառապես գործող և նախկին պատգամավորներ, խորհրդարանի աշխատակիցներ և ոստիկաններ, որոնք նախկինում ծառայություն են իրականացրել Վեսթմինսթերյան պալատում: Ընդ որում՝ օթյակի անդամները, որոնք ավանդաբար նախընտրում են չբացահայտել իրենց անունները, փորձում են որոշակի հեռավորություն պահպանել  Gallery Lodge («Վերնասրահի օթյակ») մասոնական երկրորդ գաղտնի օթյակի անդամներից՝ խորհրդարանում հավատարմագրված 45 լրագրողներ, որոնք լուսաբանում են թագավորության քաղաքական իրադարձությունները:

Երկու օթյակների՝ իրարից մեկուսի մնալը բացատրվում է նրանով, որ, խորհրդարանի անդամների կարծիքով՝ «լրագրողը մնում է լրագրող», իսկ քաղաքական գործիչ-մասոնները «չէին ցանկանա, որ լրագրողները ականջ դնեն իրենց խոսակցություններին»: Իր հերթին՝ Անգլիայի միացյալ մեծ օթյակի (աշխարհում հնագույն և ամենամեծ օթյակը) ղեկավար Դևիդ Սթեփլսը նշում է, որ լրագրողական գործունեությունը չի հակասում մասոնական օթյակների անդամությանը:

Հետազոտության հեղինակը նշում է, որ ըստ կանոնների՝ չի նախատեսվում, որ մասոնական օթյակների մեջ ընդգրկված բրիտանացի խորհրդարանականները և պերերը պարտադիր պիտի հայտարարեն այդ մասին: Ու թեև Համայնքների պալատի անդամներին թույլ է տրվում մասնավոր կարգով հայտարարել այդ մասին, դեռ ոչ մի պատգամավոր, ինչպես և՝ ոչ մի լրագրող, չի համարձակվել նման քայլի գնալ:

Փոխանցում է tass.ru-ն: