05.02.2018 22:27

Ընտանեկան բռնություն կիրառելու «ռեկորդակիրները» հայ ամուսիններն են

Ընտանեկան բռնություն կիրառելու «ռեկորդակիրները» հայ ամուսիններն են

Քննչական կոմիտեի կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2017-ին քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 458 քրեական գործ, որոնց մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը՝ ծեծին, բացի այդ, գրանցվել են ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության, առևանգման և հանցավոր այլ դրսևորումներ։

Այսպես՝ 458 քրեական  գործերից 285-ը վերաբերել է ՀՀ քրեական ծեծին, 40-ը՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն, 39-ը՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելուն կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին, 15-ը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 13-ը՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն, 12-ը՝ սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելուն 16 տարին չլրացած անձի հետ, 8-ը՝ սպանությանը, 8-ը՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, 7-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն, եւ այլն:

Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 5-ը եղել են մոր, 17-ը՝ հոր, 1-ը` խորթ մոր, 2-ը` խորթ հոր, 6-ը՝ եղբոր/քրոջ, 2-ը տատի/պապի, 35-ը` զավակի (այդ թվում՝ որդեգրվածի), 167-ը՝ ամուսնու, 13-ը՝ կնոջ,  6-ը՝ թոռան, 8-ը՝ ամուսնու ծնողների, 13-ը՝ հարսի/փեսայի, 1-ը՝ խնամակալի, հոգաբարձուի կամ խնամատար ծնողի կողմից կատարված:

Նախնական քննության փուլում քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 272 անձ, որոնցից 142-ը՝ 18-35 տարեկան, 127-ը՝ 35 տարեկանից բարձր, 3-ը՝ 14-18 տարեկան:

Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 341 անձ, որոնցից 17-ը՝ մինչև 12 տարեկան, 9-ը՝ 12-14 տարեկան, 14-ը՝ 14-16 տարեկան, 1-ը՝ 16-18 տարեկան, 158-ը՝ 18-35 տարեկան, 142-ը՝ 35 տարեկանից բարձր:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 86 քրեական գործ՝ 88 անձի վերաբերյալ: