07.02.2018 13:02

Ռուսաստանի նախագահի թեկնածուներն ութն են

Ռուսաստանի նախագահի թեկնածուներն ութն են

Ռուսաստանի  ԿԸՀ-ն հայտարարել է, որ գրանցման համար անհրաժեշտ ստորագրությունների ստուգումն անցել են ութ հոգի: Այսպիսով՝ ո՞ւմ անուններն են լինելու 2018 թ. մարտի 18-ի ընտրությունների քվեաթերթիկներում:

Սերգեյ Բաբուրին, «Ռուսաստանի համաժողովրդական միության» թեկնածուն: Իննսունական թվականների հանրահայտ քաղաքական գործիչ, եղել է ՌԴ Գերագույն խորհրդի և Պետդումայի նախկին պատգամավոր, նույնիսկ՝ Դումայի փոխխոսնակ: Բաբուրինը «Ռուսաստանի համաժողովրդական միություն» ազգային-պահպանողական կուսակցության հիմնադիրն է: Մոսկվայում ազգայնական «Ռուսական երթերի» կազմակերպիչներից է:

Պավել Գրուդինին, ՌԴԿԿ թեկնածու, Լենինի անվան սովխոզի տնօրեն, որին անակնկալ առաջադրել է կոմկուսը: Սիրում է Ստալինին, ելակ: Բեղեր ունի: 2000 թ. եղել է թեկնածու Պուտինի վստահված անձը, մինչև 2010 թ. եղել է «Միացյալ Ռուսաստանի» անդամ:

Վլադիմիր Ժիրինովսկի, ՌԼԴԿ թեկնածու, էքսցենտրիկ պոպուլիստ: Վեցերորդ անգամ է մասնակցում ընտրություններին, բայց ոչ մի անգամ նույնիսկ երկրորդ տեղը չի զբաղեցրել: Մի անգամ իր փոխարեն առաջադրել է իր թիկնապահին:

Վլադիմիր Պուտին, գործող նախագահը: Երեք անգամ նախագահ է եղել և մտադիր է չորրորդ անգամ նույնպես զբաղեցնել այդ պաշտոնը:

Քսենյա Սոբչակ, «Քաղաքացիական նախաձեռնության» թեկնածու: Շատ հայտնի է, բայց ժողովրդականություն չի վայելում: Ընտրություններին մասնակցությունը համաձայնեցրել է Պուտինի հետ, սակայն ժխտում է դա: Պուտինի նախկին ղեկավարի՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Անատոլի Սոբչակի դուստրն է: Իրազեկ մարդկանց տվյալներով՝ նրա թեկնածությունը մտահղացվել է Կրեմլում՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիից ուշադրությունը շեղելու նպատակով:

Մաքսիմ Սուրայկին, «Ռուսաստանի կոմունիստների» թեկնածու: Ընկեր Մաքսիմը  ՌԴԿԿ սփոյլեր-կուսակցության միակ հայտնի անդամն է: «Ռուսաստանի կոմունիստները» ոչ մի կապ չունի Ռուսաստանի՝ մեծությամբ երկրորդ կուսակցության հետ:

Բորիս Տիտով, Աճի կուսակցության թեկնածու, գործարարների իրավունքների պաշտպանության հարցերով նախագահին առընթեր լիազոր անձ, որ մրցակցում է գործող նախագահի հետ: Տիտովի ընտանիքը «Աբրաու-Դյուրսո» շամպայն գինիների գործարանի սեփականատերն է:

Գրիգորի Յավլինսկի, «Յաբլոկոյի» թեկնածուն,  90-ականներին հայտնի «Յաբլոկոյի» առաջնորդը, վերջին 15 տարիներին ոչ մի անգամ պետդումա չի անցել: Երկու անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին:

Փոխանցում է BBC-ն: