07.02.2018 16:07

ՌԴ դումա. Լեհերը կզղջան սովետական զինվորների հուշարձանները քանդելու համար

ՌԴ դումա. Լեհերը կզղջան սովետական զինվորների հուշարձանները քանդելու համար

Լեհական Դեմբիցա քաղաքում Կարմիր բանակի երախտագիտության հուշարձանը քանդելը վանդալիզմի ակտ է, և հետագայում լեհերը կզղջան դրա համար, հայտարարել է պետդումայի արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան:

Ավելի վաղ Կրակովում Ռուսաստանի հյուպատոսը РИА Новости-ին հաղորդել էր, որ Դեմբիցայում անցյալ շաբաթ ապամոնտաժվել է Կարմիր բանակի երախտագիտության հուշարձանը: «Սա Լեհաստանում պատմության նկատմամբ վանդալիզմի հերթական գործողությունն է, ընդդեմ ազատարարների, ընդդեմ մեր 600 հազար զինվորների, սպաների, որոնք իրենց կյանքն են տվել Լեհաստանը գերմանաֆաշիստական զավթիչներից ազատագրելու համար: Դա, ցավոք, տեղի է ունենում Լեհաստանի ողջ տարածքում… Ամեն դեպքում՝ լեհերը կզղջան դրա համար»,- ասել է Չեպան:

Կոմունիզմի կամ այլ ամբողջատիրական համակարգի քարոզչությունն արգելող օրենքի փոփոխությունները Լեհաստանում ուժի մեջ են մտել անցյալ աշնանը: Օրենքը նախատեսում է նաև սովետական հուշարձանների ապամոնտաժում: Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտի հաշվարկներով՝ այն վերաբերում է ավելի քան 450 հուշարձանների՝ ամբողջ երկրում, որոնցից 230-ը Կարմիր բանակի զինվորների հուշարձաններն են: Օրենքի տակ ընկնող բոլոր հուշարձանները պետք է քանդվեն 12 ամսվա ընթացքում: Ընդ որում՝ օրենքը չի վերաբերում գերեզմանատներին:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի բնորոշմամբ՝ Լեհաստանում պատերազմ են մղում հուշարձանների դեմ, և «գիտակցաբար, հետևողականորեն, լայնածավալ կերպով սերմանվում է ռուսատյացությունը՝ որպես ազգային գաղափարախոսություն»:

Փոխանցում է ria.ru-ն: