09.02.2018 12:02

Սոբչակը Թրամփի հետ նախաճաշն անվանել է անիմաստ միջոցառում

Սոբչակը Թրամփի հետ նախաճաշն անվանել է անիմաստ միջոցառում

Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակն ընտրական մրցապայքարի ամենաթեժ պահին մեկնել էր ԱՄՆ և մասնակցել ԱՄՆ նախագահի հետ անցկացվող աղոթքի նախաճաշին: Միջոցառումից հետո նա պատմել է, որ «նախաճաշի» ձևաչափն իրեն դուր չի եկել: Ճիշտ է, նա այնտեղ է եղել կես ժամից ոչ ավելի:

Սոբչակի խոսքով՝ ինքն առաջին անգամ է ներկա եղել ազգային աղոթքի նախաճաշին (National Prayer Breakfast), և իր կարծիքով՝ դա «բացարձակապես անօգուտ ու անիմաստ միջոցառում է»:

«Բոլորովին հետաքրքիր չէ, անիմաստ ճառեր: Որևէ իմաստից զուրկ: Նստած են մարդիկ, ու նույնիսկ իրար հետ չեն կարող հաղորդակցվել: Լիքը պետական գործիչներ կան: Թվում է՝ հաղորդակցվելու լավ հարթակ պիտի լինի: Բայց քանի որ անդադար պաշտոնական, ոչինչ չնշանակող ճառեր են հնչում, ոչ ոք չի կարողանում շփվել»,- լրագրողներին ասել է Սոբչակը:

Նախաճաշին ելույթ է ունեցել նաև Թրամփը, որն իր ճառը նվիրել է կրոնին և ամերիկյան ժողովրդի միասնությանը: «Ամերիկան հավատացյալների ազգություն է, և միասին մենք ամուր ենք աղոթքի ուժով»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Փոխանցում է BBC-ն: