09.02.2018 13:48

Մեյը՝ Սորոսին. «Երկրորդ հանրաքվե չի լինի»

Մեյը՝ Սորոսին. «Երկրորդ հանրաքվե չի լինի»

Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվե չի լինի: Այս մասին հայտարարել են Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչները: Այդպես են նրանք արձագանքել այն լուրին, թե ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը 400 հազար ֆունտ սթեռլինգ է փոխանցել այն շարժմանը, որը փորձում է խափանել Մեծ Բրիտանիայի «ելքը» Եվրամիությունից:

Թերեզա Մեյի ներկայացուցիչներն ընդգծել են, որ երկիրն արդեն քվեարկել է Brexit-ի օգտին, և կառավարությունը գործում է այդ որոշման համաձայն:

Ջորջ Սորոսը բազմիցս քննադատել է ԵՄ-ն լքելու որոշումը և ենթադրություն է հայտնել, որ Թերեզա Մեյը երկար չի մնա վարչապետի պաշտոնում, իսկ բրիտանացիներն էլ կգիտակցեն, որ սխալ ուղով են ընթանում:

Brexit-ի կողմնակիցները չեն թաքցնում իրենց զայրույթը Սորոսի հանդեպ:

«Ակնհայտ է, որ պարոն Սորոսը Բրիտանիայի բարեկամը չէ: Նա արդեն մի անգամ փլուզել է ֆունտ սթեռլինգը: «Ելքի» հակառակորդներն ամբողջ ժամանակ խոսում են ենթադրյալ միջամտության մասին հանրաքվեին: Իսկ Սորոսը փող է տալիս որոշակի խորհրդարանական խմբերի, և հենց դա է իսկական օտարերկրյա միջամտությունը, մենք բոլորս էլ դա գիտենք: Պարոն Սորոսը և գլոբալիստների վերնախավի մեկ տասներորդը չպետք է իրենց քիթը խոթեն բրիտանական քաղաքականության մեջ», - հայտարարել է UKIP կուսակցության ներկայացուցիչը:

Սորոսի աջակցությունը վայելող շարժումը բողոքի ցույցեր և հանրային միջոցառումներ է կազմակերպում՝ հույս ունենալով, որ այդ կերպ կազդի խորհրդարանի վրա և օրենսդիրներին կստիպի արգելափակել Բրյուսելի հետ գործարքը: Շարժման ղեկավարությունը հայտարարել է, որ չի էլ թաքցրել իր ֆինանսավորման աղբյուրները:

Փոխանցում է euronews-ը: