09.02.2018 13:55

Դատախազը 11 տարվա ազատազրկում է պահանջել Սեֆիլյանի համար

Դատախազը 11 տարվա ազատազրկում է պահանջել Սեֆիլյանի համար

Այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը պահանջել է 11 տարվա ազատազրկման դատապարտել «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին՝ ամբողջությամբ ապացուցված համարելով ընդդիմադիր գործչի մեղքը։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, մեղադրական ճառում դատախազ Հակոբ Ենոքյանը հայտարարել է, թե Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրությամբ մետաղյա շուրջ չորս տասնյակ ձողեր են հավաքել՝ իրավապահներին դիմադրություն ցույց տալու համար։

Մեղադրողը պնդել է նաև Սեֆիլյանին առաջադրված մյուս մեղադրանքը, որ նա զինված խումբ և ենթախմբեր է ստեղծել՝ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին և 2016 թվականի մայիսին ռազմավարական նշանակության շենքեր զավթելու մտադրությամբ։

Մեղադրողը միջնորդել է Գևորգ Սաֆարյանին դատապարտել 4.5, Սասունիկ Կիրակոսյանին՝ 4.5, Գալուստ Գրիգորյանին՝ 3, Ներսես Պողոսյանին՝ 4, Հրայր Թոփչյանին՝ 3 տարվա ազատազրկման։

Դատախազը ապացուցված է համարել նաև Հովհաննես Պետրոսյանի մեղքը, որը միակն էր, որ դատարանում Սեֆիլյանի դեմ ցուցմունք էր տվել։ Պետրոսյանի համար Հակոբ Ենոքյանը պահանջել է 2 տարվա ազատազրկման պատժաչափ եւ հավելել, որ նա համագործակցել է իրավապահների հետ, ուստի կան էական մեղմացուցիչ հանգամանքներ։