09.02.2018 17:16

Լիզա Ճաղարյան. Հանրապետություն է էլի՛. շատ լինի, քիչ չլինի

Լիզա Ճաղարյան. Հանրապետություն է էլի՛. շատ լինի, քիչ չլինի

Դուք գիտեի՞ք, որ ՀՀ ապագա նախագահ Արմեն Սարգսյանի գալստյամբ նշանավորվում է մեր մուտքը Հայաստանի 4-րդ հանրապետություն։

Ես էլ չգիտեի։

Լրագրողի հարցին՝ չե՞ք վիրավորվի, եթե նախագահ դառնաք եւ Բաղրամյան 26-ում չնստեք, ահա թե ինչ է պատասխանել քաղաքակիրթ աշխարհից «պրովինցիա» ժամանած պարոն Սարգսյանը. «Ընդհակառակը, եթե ես աշխատեի Բաղրամյան 26-ում, ապա կլինեի 3-րդ հանրապետության 4-րդ նախագահը, իսկ հիմա, որ այլ տեղում է լինելու իմ աշխատավայրը, կլինեմ 4-րդ հանրապետության առաջին նախագահը»:

Հիմա փորձենք հասկանալ, թե այս ի՞նչ չորրորդ հանրապետություն է, որի մասին Հայաստանի քաղաքացիները չեն լսել։

Եթե ըստ պարոն Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի Սահմանադրության յուրաքանչյուր փոփոխությունից հետո մենք պատմության գիրկն ենք ուղարկում մինչնորսահմանադրության Հայաստանի Հանրապետությունը եւ թեւակոխում մի նոր, յուղը վրան Հայաստանի Հանրապետություն, եւ քանի որ մեր նորագույն պատմության ընթացքում Սահմանադրությունը փոխվել է երեք անգամ, ուրեմն ապագա նախագահը դարասկզբի Հայաստանի անկախությունը չի հաշվում, ու ոնց որ թե սրանով թունդ նեղացնում է ՀՀԿ-ի կոալիցիոն ընկեր դաշնակցությանը։ Դե, նեղացնում է, նեղացնում է, սա իրենց ներքին ընտանեկան խնդիրն է, ոնց ուզում են, թող լեզու գտնեն իրար հետ։ Իսկ մենք սկսենք պատկերացնել, թե դեռ քանի-քանի նոր հանրապետություն է սպասվում մեզ։ Եվ այսպես՝ Արմեն Սարգսյանին բաժին է հասել Չորրորդը։ Հետո մի գեղեցիկ ու երանելի օր ՀՀԿ-ի ցմահ ղեկավարը կանցնի պատմության գիրկը, ու ինչ-որ մեկը կհայտարարի, որ Հայաստանում սանձազերծված կոռուպցիայի ու ապօրինությունների մեղավորը միմիայն Սահմանադրությունն է, եւ Հայաստանի միակ փրկությունը վերստին անցումն է նախագահական կառավարման, ինչ-որ մի «միակ ընդդիմություն» էլ կասի՝ հերթական փոփոխության դեմ ընդվզումը «կեղծ օրակարգ» է ու խորհրդարանում ինը կամ տասը «կոճակ» կստանա, եւ նորից «ազատ, արդար ու թափանցիկ» ընտրություններով Սահմանադրությունը կփոխենք, ու Հայաստանի «հպարտ քաղաքացիները» կթեւակոխեն 5-րդ հանրապետություն։ Դրանից հետո, բնականաբար, այս մեկն էլ կուզենա ցմահ նստել Հայաստանի վզին, ու տասը տարի անց կհայտարարի, որ չէ՝ խորհրդարանական կառավարումը ոնց որ թե ավելի լավն էր, ու նորից նույն ճանապարհով կփոխեն Սահմանադրությունը՝ այս անգամ շա՛տ ավելի «ազատ, արդար ու թափանցիկ» ընտրությունների միջոցով, եւ ծնծղաների հնչյունների ներքո կավետենք 6-րդ հանրապետության ծննդյան մասին, հետո 7-րդ, 8-րդ...

Ու ճիշտ էլ կանենք, հազարամյակներից 21-րդ դար հասած ազգ ենք, դեղնակտուց զանազան ազգերի թայը չենք, որ մեկ կամ երկու հանրապետությամբ բավարարվենք։ Ավելին, մեր լավը չուզողների սիրտը պայթեցնելու համար կարող ենք նաեւ ԱԺ-ում յուրաքանչյուր օրենքի փոփոխությունից հետո հայտարարել, որ ոտնակոխեցինք մի նոր հանրապետություն։ Շարմազանով Էդիկը կհաշվի, թե՝ որերորդ։

Իսկ հնարավո՞ր է՝ Արմեն Սարգսյանը նկատի է ունեցել նախագահական աթոռներին նստողների թիվը։ Այս դեպքում էլ հարց է ծագում՝ իսկ ինչու՞ նախորդն ու ներկայում Բաղրամյան 26-ում նստածը չեն լքել ներկա նախագահական նստավայրը ու փոխադրվել նոր «աշխատավայր»։

...Հա՛, երեւի էս երկուսը, ի տարբերություն Արմեն Սարգսյանի, շատ վիրավորված էին։ Հավանաբար՝ իրենց չընտրած քաղաքացիներից։ Դրա համար էլ պինդ-պինդ նստեցին Բաղրամյան 26-ում ու նոփ-նոր «աշխատավայր» չփոխադրվեցին, որ իրենք էլ կոչվեն 2-րդ հանրապետության առաջին նախագահ եւ 3-րդ հանրապետության առաջին նախագահ։

Արմեն Սարգսյանը վիրավորված չէ ու հեռանկարում չկա էլ՝ որ կվիրավորվի։ Իրեն «ընտրելու է» Ազգային ժողովը, իսկ թե ինչպիսի նախանձելի միասնություն է իշխում այս «տաք օջախում», գաղտնիք չէ։

Ու քանի որ վիրավորված չէ, հուշիկ քայլերով կգնա ու կբնավորվի այնտեղ, որտեղ մատնացույց կանի ՀՀԿ կուսակցությունը՝ իր ղեկավարով։

Ու կկոչվի Չորրորդ հանրապետության առաջին նախագահ։

Հպարտությունից Արուսյակ Վարդանյանի ամուսին Մուրադի դեմքի արտահայտությունը ինձանով արեցի։