10.02.2018 12:00

«Տոտենհեմ»-«Արսենալ». Էրիքսենն ընդդեմ Մխիթարյանի

«Տոտենհեմ»-«Արսենալ». Էրիքսենն ընդդեմ Մխիթարյանի

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի կենտրոնական խաղում  այսօր «Տոտենհեմը» կհյուրընկալի «Արսենալին»։ Անցած տուրում «Արսենսալի» նորեկները՝ Հենրիխ Մխիթարյանն ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ստիպեցին բոլորին հիացմունքով խոսել իրենց մասին:  Մեր ֆուտբոլիստը 3 գոլային փոխանցման հեղինակ դարձավ, իսկ գաբոնցին իր նորամուտը նշանավորեց գոլով: Իհարկե, այս 2 ֆուտբոլիստների համար էլ հիանալի նորամուտ էր «զինագործների» հիմնական կազմում: Այս խաղում Արսեն Վենգերի տղաները «Էվերթոնին» հաղթեցին 5:1 հաշվով, իսկ Աարոն Ռեմսին դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

26-րդ տուրից հետո շատ փորձագետների կարծիքով,  «Արսենալը» Հենրիխ Մխիթարյանի և Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխությունից հետո ցուցադրեց եթե ոչ կատարյալ, ապա կատարյալին մոտ ֆուտբոլ։ «Էվերթոնի» հետ հանդիպումից հետո շատերը վստահ են, որ լոնդոնյան դերբիում «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը փոփոխություններ չի կատարի հիմնական կազմում։ «Առաջիկա մրցավեճում կխաղանք գրեթե նույն կազմով, որով խաղացինք «Էվերթոնի» դեմ: Նախորդ խաղում Մխիթարյանը և Օբամեյանգը իրենց իսկական պրոֆեսիոնալների պես պահեցին: Նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ են: Մխիթարյանը պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում թե՛ մարզումներին, թե՛ խաղերին»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Հենց այս հանգամանքն էլ թույլ է տալիս եզրակացնել, որ «Տոտենհեմի» դեմ «Արսենալը» կրկին կխաղա 4-3-2-1 մարտավարությամբ։ Դարպասում կլինի Չեխը, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Մուստաֆին և Կոսելնին: Աջ եզրում կխաղա Բելերինը, իսկ ձախից՝ Մոնրեալը: Կիսապաշտպանության կենտրոնում կգործեն Ջական ու Ռեմսին: Ենթահարձակվողի դիրքում կլինի Օզիլը, իսկ աջ եզրում՝ Հենրիխ Մխիթարյանը: Ձախ եզրում էլ հանդես կգա Իվոբին, կենտրոնական հարձակվողի դիրքում՝ Օբամեյանգը: Ի դեպ, կարևոր է, որ,  ի տարբերություն «Տոտենհեմի», «Արսենալը» առաջիկա հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու ժամանակ է ունեցել։ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչում «Տոտենհեմը» փետրվարի 7-ին մրցել է «Նյուփորթի» հետ և հաղթել 2։0 հաշվով։ Այս հանդիպմանը մասնակցել են «Տոտենհեմի» մի շարք առաջատար ֆուտբոլիստներ։ Երկրորդ կեսում խաղադաշտ են դուրս եկել Ալին և Էրիքսենը, իսկ Սոնը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Թիմի ռմբարկու Քեյնն այս խաղին չի մասնակցել:

Հավանաբար «Տոտենհեմը» այսօր ևս հանդես կգա 4-3-2-1 մարտավարությամբ։  Դարպասում կլինի Լյորիսը, իսկ պաշտպանության կենտրոնում Վերտոնգենը և Ալդերվեյրելդը։ Պաշտպանության աջ եզրում կլինի Տրիպերը, իսկ ձախ եզրում՝ Դևիսը։ Կիսապաշտպանության կենտրոնում կգործեն Դայերն ու Դեմբելեն, իսկ ենթահարձակվողի դիրքում հանդես կգա Ալին։ Աջ եզրում կլինի Էրիքսենը, իսկ ձախ եզրում՝ Սոնը։ Որպես կենտրոնական հարձակվող կխաղա Քեյնը։ Սպասվում է, որ առաջիկա խաղում «Տոտենհեմը» առանձնակի ուշադրությամբ կգործի Հենրիխ Մխիթարյանի դեմ, որը «Էվերթոնի» դեմ ցույց էր տվել փայլուն խաղ՝ ընդգրկվելով 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն իր առաջին գոլը Պրեմիեր լիգայում և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խփել էր դեկտեմբերի 11-ին՝ «Տոտենհեմի» հետ մրցավեճում գրավելով Լյորիսի դարպասը։ Այդ խաղում ևս Մխիթարյանը ելույթ ունեցավ աջ եզրում և գոլի հեղինակ դարձավ հենց աջ եզրից։ Լոնդոնյան թիմի երկրպագուները տարատեսակ ֆորումներում կարծիք են հայտնում, թե «Տոտենհեմը» հաջողակ թիմ է Մխիթարյանի համար, և հայ ֆուտբոլիստը «Արսենալի» կազմում գոլ կխփի այս կարևորագույն մրցավեճում։

Բրիտանական լրատվամիջոցների դիտարկումով, Հենրիխ Մխիթարյանը ջանքեր է գործադրում իր և նոր խաղընկերների միջև համագործակցության մակարդակն ամրապնդելու համար: Մասնավորապես, մեր ֆուտբոլիստը «Արսենալի» վերջին մարզման ժամանակ անհատապես աշխատել է հարձակվողներ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի և Ալեքսանդր Լակազետի հետ: Սովորաբար, մարզիչներից որևէ մեկն է կատարում այդ աշխատանքը, բայց այս անգամ այն արել է Մխիթարյանը: Նրանք կատարել են հարձակողական ոճի խաղացողների հատուկ վարժություններ:

Առաջիկա հանդիպումը սկզբունքային լինելուց բացի, շատ կարևոր է նաև մրցաշարային տեսանկյունից։ 26-րդ տուրից հետո «Տոտենհեմը» 49 միավորով 5-րդն է, իսկ «Արսենալը» 45 միավորով՝ 6-րդը։ Լոնդոնյան երկու թիմերն էլ պայքարում են լավագույն քառյակում տեղ ունենալու համար, ինչը հնարավորություն կտա մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը։ Ինչևէ, այսօր դիտարժան ու լարված պայքար է սպասվում, իսկ մենք մեծ ոգևորությամբ կհետևենք Էրիքսենն ընդդեմ Մխիթարյանի պայքարին այն մեծ հավատով, որ կհաղթի մեր սիրելի Հենոն: