10.02.2018 23:48

Օսկարին ընդառաջ. ՓՈՍՏԸ (The Post)

Օսկարին ընդառաջ. ՓՈՍՏԸ (The Post)

iLur.am-ը ներկայացնում է «Օսկարին ընդառաջ» խորագրի հերթական նյութը: Հոդվածաշարում նկարագրում ենք այն ֆիլմերը, որոնք, կմասնակցեն ամերիկյան կինոակադեմիայի տարեկան մրցանակաբաշխությանը, կամ արդեն մասնակցել են ընթացիկ կինոտարվա նշանավոր այլ իրադարձությունների, կամ, հեղինակի համոզմամբ, արժանի էին ուշադրության, բայց ինչ-ինչ պատճառներով չեն հայտնվել «Օսկարի» շորթ-լիստում:  Խորագրի նախորդ նյութերը այստեղ  այստեղ,  այստեղ,այստեղ եւ այստեղ


Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգ

Դերերում՝

Մերիլ Սթրիփ

Թոմ Հենքս

 

Կեղծիքապետության անատոմիան և մեխանիկան

 

Պահանջը նույնն է, միշտ արդիական ու թվում է՝ լուծելի. բացահայտել թաքունը, արգելվածը, անհասանելին: Իմացության ծառի պտղի համտեսումից մինչև Արևակենտրոն դիսկուրսի հերքում ու իշխանության կամայականության վերհանում - հետևանքների ու ռիսկի ընտրություն է:

-Հրապարակե՞լ, թե՞ չհրապարակել.- խմբագրական հարցադրումը խուսանավումների մեջ է քաղաքական, էթիկական, իրավական, անձնական հանգամանքների մեծ ու փոքր թակարդներում: Ու ամերիկյան լրագրությունը, դրա պատմությունը բացում ու հաստատում են այդ աննահանջ շեքսպիրյան խիզախումների դրվագները, որ ամփոփվում են ամերիկյան կինոժապավեններում:

Սփիլբերգը շարունակում և զարգացնում է այդ ավանդույթները (ոչ վաղ անցյալում՝ Spotlight)՝ ամբողջացնելով լրագրող-հերոսների դիմանկարը, որ պայքարող դարաշրջաններում ունի հաղթանակող կնոջ) դիմագծեր (Մերիլ Սթրիփը կրկին ղեկավար է, դարձյալ խոցելի ու ինչպես միշտ՝ վճռական):

Ազատ խոսքի ու մամուլի ջատագովումը ռեժիսորի գիտակցված որոշումն է, որ այժմյան շունչ է ստանում fake news-երի ու թրամփների արանքում Ճշմարտության որոնումների համայնապատկերում ու որոնողների համար:

            Պատահական չէ, թերևս, ներքին զուգահեռը Ուոթերգեյթի հետ (ֆիլմի ավարտին կարծես ակնարկվում է դրա մասին). մրցակցող-գործակցող լրագրողական թիմի համառ ու համատեղ ջանքերը տալիս են իրենց արդյունքը. Վիետնամի պատերազմի մասին ճշմարտությունը ամերիկյան վարչակարգի հերթական վիրահատությունն էր:

Ու ամեն անգամ, երբ նախագահը շարունակում է մոռանալ իր իսկ սահմանադրական խոստումները, երբ սիրում է ստել, երբ ռազմաշունչ տեքստերը անելիքի բացակայության ապացույցներ են, ո՞վ, եթե ոչ լրագրողները, կարող են ու պետք է քողազերծեն իշխանության սուտը՝ էությունը:

Բեմադրված հայրենասիրության ու երդմնազանց խոստումների հերթափոխում, երբ դատարկ է թվում Խոսքը, ու ամայի՝ Հրապարակը, միակ՝ Ճշմարտության ճանապարհը մնում է գաղտնագրված ստվերների վերծանումը:

Չարի ու բարու տևական այդ պայքարում էլ նրանք կգրեն իմացաբանության բանաձևը.

-Մտածում/կասկածում եմ, հետևաբար՝ գոյություն ունեմ:

 

Լիտուչկա

 

Ֆորմատը՝ Որոգայթ փառաց

Ժանրը՝ չորրորդ իշխանության

Ծածկագիրը՝ Բ-26

Imdb գնահատականը՝ 7.4

Իմ հոտառությամբ՝ նույնը

Ու՞մ համար՝ «անկախ ու ազատ» լրագրողների

Էլ ու՞մ համար՝ անկախ ու ազատ լրագրողների

Սիքվելը՝ Ա1+

Անվանակարգը՝ Լավագույն ֆիլմ և ինչպես միշտ՝ Մերիլ Սթրիփ

Հավանականությունը՝ ոչ բարձր


Լեւոն Գայլ Ավետիսյան