12.02.2018 10:15

Մոհամեդ Սալահ․ «Ես երջանիկ եմ «Լիվերպուլում»»

Մոհամեդ Սալահ․ «Ես երջանիկ եմ «Լիվերպուլում»»

Թարգմանաբար ներկայացնում ենք ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուներից մեկի՝ Մոհամեդ Սալահի հարցազրույցը:

Մոհամեդ Սալահը հրավիրում է մեզ իր VIP սրահն «Էնֆիլդում»՝ «Տոտենհեմի» դեմ խաղը դիտելու։ Նրա 21 գոլերը նրան թույլ են տվել մրցակցել Հարրի Քեյնի հետ Պրեմիեր լիգայում, ինչպես նաև պայքարել Կավանիի և Մեսսիի դեմ Ոսկե խաղակոշիկի համար։  «Զարմացած չեմ»,- ասում է նա մինչև «Մարկայի» մյուս հարցերին պատասխանելը։ 

Սա Ձեր կարիերայի լավագույն պա՞հն է։

— Կարծում եմ՝ առայժմ այո։

Զարմացա՞ծ եք, որ այսքան գոլեր եք խփել։

— Ես միշտ էլ խփել եմ, որտեղ էլ խաղացել եմ, բայց այս տարի ավելի շատ եմ խփում։ Ինձ համար դա անակնկալ չէ։

Ինչքա՞ն կարևոր է Ձեր մարզիչ Յուրգեն Կլոպի դերը։

— Ես խոսել եմ նրա հետ մինչև «Լիվերպուլ» գալը։ Նա ինձ օգնեց արագ հարմարվել թիմին։ Մենք շատ երջանիկ ենք միասին։

Ինչո՞ւ «Չելսիում» այսքան լավ հանդես չէիք գալիս։

— Լավ հանդես չէի գալիս, որովհետև շատ խաղերի չէի մասնակցում։ Ընդամենը մեկ տարի այնտեղ անցկացրի, բայց միայն առաջին վեց ամիսների ընթացքում խաղացի։ Դրանից հետո գրեթե չեմ մասնակցել խաղերին։ Գնացի «Ֆիորենտինա», գոլեր խփեցի, հետո Հռոմում էլ շատ լավ խաղացի և վերադարձա Անգլիա։

Ինչո՞ւ ընտրեցիք «Լիվերպուլը»։

— Սա հրաշալի ակումբ է, մենք ֆանտաստիկ խաղացողներ ունենք, անհավատալի թիմ։ Ցանկանում էի վերադառնալ Անգլիա և երբ «Լիվերպուլ» տեղափոխվելու հնարավորություն ստացա, շատ երջանիկ էի։ Հիմա նույնպես երջանիկ եմ։

Կարծում եք՝ կարո՞ղ եք Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն դառնալ։ Պայքարում ենք Հարրի Քեյնի դեմ։

— Նա հրաշալի խաղացող է, վերջին երկու տարիների ընթացքում նա արդեն լավագույն ռմբարկուն է եղել։ Քեյնը խաղում է ինը համարի դիրքում և գոլեր խփելու ավելի շատ հնարավորություններ ունի, քան ես։ Իհարկե, ցանկանում եմ հաղթել, բայց տեսնենք, թե ինչ կլինի։

Կոուտինյոյի կարիքը շա՞տ եք զգում։

— Ես ամեն դեպքում զգում եմ նրա կարիքը։ Նա ընկերս էր, շատ լավ տղա էր։ Նրան ամենալավն եմ ցանկանում «Բարսելոնայում», որովհետև անհավատալի խաղացող է։ Շատ հանգիստ անձնավորություն է։ Հպարտ եմ, որ խաղացել եմ նրա կողքին։

Ցանկանո՞ւմ եք նվաճել Ոսկե գնդակը։

— Ֆուտբոլում երբեք չես կարող իմանալ․․․ Եթե նվաճես դա, ուրեմն հասել ես առավելագույնին։ Բայց ես արդեն խոսել եմ այս մրցաշրջանում իմ գոլերի մասին։

Կարծում եք՝ «Լիվերպուլը» կարո՞ղ է հաղթել Չեմպիոնների լիգայում։

— Արդեն ասացի, որ ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել։ Մենք կփորձենք բոլոր խաղերում շատ աշխատել և հաղթել։ Շատ ոգևորված եմ հաջորդ խաղերի համար։

Ինչպե՞ս եք զգում Եվրոպայում խաղալիս։

— Եգիպտացու համար հեշտ չէ հասնել Եվրոպա և խաղալ բարձրագույն մակարդակում։ Ես փորձում եմ շատ աշխատել, որպեսզի շարունակ պահպանեմ մարզավիճակս։ Փորձում եմ հետևել իմ ուղուն։ Հեշտ չէ, բայց եթե մի բան շատ ես ցանկանում, կարող ես հասնել դրան։

Ինչպե՞ս կատարեցիք Եգիպտոսից Եվրոպա ցատկը։

— Հեշտ չէր։ Երբ Եգիպտոսից Եվրոպա ես գալիս, լեզուն չգիտես, ընտանիքդ Եգիպտոսում է և նրանց տեսնելը դժվար է, բայց հենց սկզբից էլ պարզ էր, որ կվերադառնամ միայն որպես բարձրակարգ խաղացող։ Գիտեի, որ վերադառնալու տարբերակ չունեմ։ Ես չէի ցանկանում մի քանի ամիս խաղալ Եվրոպայում ու ստիված լինել վերադառնալ։ Մտքովս էլ չէր անցնում։

Ասել եք, որ Ձեր կուռքերն էին Ռոնալդոն, Զիդանը և Տոտտին։ Զիդանը Ձեզ հրապարակայնորեն գովաբանել է։ Ինչո՞ւ նրանք։

— Որովհետև նրանք տարբերվում էին։ Հրաշալի խաղացողներ էին, յուրաքանչյուր խաղում կարող էիր զգալ կախարդանքը։ Ես հնարավորություն ունեցա խաղալու Տոտտիի հետ, ինչը երազանք էր։ Երբ երեխա էի, նա իմ կուռքն էր, այնպես որ նրա կողքին խաղալն անհավատալի էր։ Նրանից շատ բան եմ սովորել։ Շատ հպարտ եմ, որ խաղացել եմ կուռքերիցս մեկի հետ։ Երջանիկ եմ, որ նրանցից որևէ մեկն ինձ մասին խոսել է։

Հավաքականում Ձեր մարզիչ Էկտոր Կուպերը վերջերս ասել է, որ «Ռեալը» հետաքրքրված է ձեզնով, և նախագահը նույնպես ասել է, որ «Ռեալն» առաջարկ կանի։ Գաղափարը Ձեզ դուր գալի՞ս է։

— Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են այդպիսի բաներ ասում։ Ես այդ թեմայով ասելու բան չունեմ։ Եթե պիտի ինչ-որ բան ասեմ, կասեմ, որ երջանիկ եմ «Լիվերպուլում»։